Կբացվեն վերակենդանացման երեք նոր բաժանմունքներ. Թորոսյան Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Կառավարության նիստում ներկայացրեց, որ շատ փոքր թիվ կա այն քաղաքացիների, որոնց մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությունը, նրանք պետք է տեղափոխվեն միայն կորոնավիրուսով զբաղվող հիվանդանոցներ:
Նախարարի փոխանցմամբ՝ նրանց թիվն այսօր ժամը 9-ի դրությամբ 13 է, և օրվա ընթացքում տատանվում է հենց այդ թվի շուրջ:
«Այս թվերը նշանակում են, որ պատշաճ բուժօգնության կարիք ունեցող բոլոր քաղաքացիներին այդ բուժօգնությունը մատուցվում է համապատասխան հաստատություններում: Համակարգի ծանրաբեռնվածությունը մնում է լարված այնքանով, որ այս նոր մարտահրավերը դեռ մեծ ռիսկ է պարունակում բոլորիս համար: Պետք է շարունակենք բոլոր ծավալված հիվանդանոցների ինտենսիվ աշխատանքը: Բացասական միտում չկա, բայց էական դրական միտում էլ չկա»,- նշեց նախարարը:
Վերակենդանացման նոր բաժանմունքներ ևս կբացվեն: Նախարարը տեղեկացրեց, որ դրանք կլինեն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ», «Էրեբունի» բժշկական կենտրոններում: Թորոսյանը հայտնեց, որ այցելել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ վերակենդանացման բաժանմունքը գրեթե պատրաստ է և մեկ շաբաթից ամբողջությամբ կծավալվի: