«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերին հավանություն տալու մասին հարցը Կառավարության այսօրվա նիստին զեկուցեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նախարարը հիշեցրեց, որ առաջարկվում է սահմանել արտակարգ դրության ժամանակ բնակչության բժշկական օգնություն ու սպասարկումը կազմակերպելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնող կազմակերպությունների կառավարման լիազորությւոնները՝ անկախ սեփականության ձևից, անցնում են ՀՀ առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմնին՝ բացառությամբ ՊՆ զինվորական հոսպիտալների:
«Արտակարգ դրության ժամանակ բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպվում է առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանների հրամանի համաձայն, որոնք չկատարելը առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն»,-նշեց Թորոսյանը:
Նախարարը հավելեց, որ նախագծի անհրաժեշտությունը կայանում է արտակարգ իրավիճակում համակարգի կենտրոնացված կառավարմամաբ, որն ավելի օպերատիվ է և ավելի համահունչ իրավիճակին, քան հանգիստ պայմաններում գործող իրավակարգավորումները:
«Կառավարման լիազորություններն անցնելու ծավալները և շրջանակները որոշվելու է ամեն կոնկրետ դեպքում և իրավիճակին համահունչ: Սա, ի պատասխան այն մտահոգությունների, որ տեղի է ունենալու ամբողջ համակարգի միանձնյա և մի կետից կառավարում: Ուզում եմ ասել, որ դա այդպես չէ և իրավիճակից ելնելով է որոշվելու, թե որ հիվանդանոցները, ինչ չափի, ինչ կառավարման լիազորությունների շրջանակներում և ինչպես են տեղավորվելու այս լիազորությւոնների շրջանակներում»,-նշեց նախարարը: