Կառավարության այսօրվա նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հակաճգնաժամային առաջին միջոցառման մեջ կատարված փոփոխություններին՝ խնդրելով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին մանրամասնել դրանք: Գրիգորյանը նշեց, որ հունիսի 20-ից ուժի մեջ է մտել մեկ կանոն, որը տնտեսավարողների համար կարևոր է իմանալ:
«Մինչ օրս մեր սուբսիդավորման գործիքն աշխատում էր հետևյալ տրամաբանությամբ: Մինչև 250 միլիոն վարկային ռեսուրսները սուբսիդավորվում էին մինչև 1 տարի ժամանակահատվածի համար: Մենք ուժի մեջ ենք մտցրել հետևյալ սահմանումը: Եթե ձեռնարկությունը, տնտեսավարողը 50 միլիոն դրամի չափով կանոնադրական կապիտալի համալրում է իրականացրել կամ կիրականացնի 2020-ի ընթացքում, ապա նա ստանում է հավելյալ հնարավորություն սուբսիդավորվել 400 միլիոն դրամ համարժեք վարկի չափով և արդեն իսկ 36 ամիս ժամանակահատվածի համար:
Սա էական արտոնյալ հնարավորություն է: Եթե համալրումն իրականացվել է 100 միլիոն դրամի չափով կամ կիրականացվի, ապա հնարավորություն ունի ստանալ արտոնյալ 500 միլիոնին համարժեք վարկ 48 ամսվա համար»,- մանրամասնեց փոխվարչապետ Գրիգորյանը: