Վերաքննիչ քերական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի, ԲԴԽ այսօր մերժել է Արդարադատության նախարարի միջնորդությունը։ Որոշումն ընդունվել է մեծ ոգևորությամբ՝ ծափահարել են Ազարյանին աջակցելու համար նիստին եկած դատավորները։ Ազարյանն էլ հեռացել է բավարարված։
Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության հիմքում նախարարությունը դրել է այն արտահայտությունները, որոնք Ազարյանն արել էր «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցի քննության ժամանակ։ Դիմելով ՀՔԾ քննիչին` նա ասել էր. «Հույս ունեի, որ չէիք իջնի ՀՔԾ պետի մակարդակին և չէիք քննադատի օրինական ուժի մեջ մտած դատական ակտը»։
Այս ձևակերպումները նախարարությունը որակել էր անհարգալից վերաբերմունք ու օրենքով սահմանված վարքագծի կանոնի խախտում։ Ազարյանի կարծիքով` ինքը չի վիրավորել Սասուն Խաչատրյանին, այլ իրերը կոչել է իրենց անուններով։ Ուսումնասիրելով փաստերը, լսելով կողմերին, ԲԴԽ-ում, սակայն, չեն գտել, որ Ազարյանը կոպիտ խախտում է թույլ տվել:
Այսօրվա նիստին նախարարի փոխարեն նրա տեղակալն է ներկա եղել։ Քանի դեռ չեն ստացել որոշումն ամբողջությամբ, Ռաֆիկ Գրիգորյանն այն չի մեկնաբանել։
Միջնորդության քննության ընթացքում դատավոր Ազարյանի փաստաբանը պնդել է, որ վարույթը չի սահմանափակվում ՀՔԾ պետի հասցեին արած արտահայտություններով ու իրենց համոզմամբ` այն ավելի մեծ պատմություն ունի։ Տիգրան Աթանեսյանը հիշեցրել էր, որ 2018-ի օգոստոսին Ազարյանը կալանքից ազատ է արձակել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որից հետո արժանացել էր իշխանության սուր քննադատությանը, իսկ այսօր նրանից վրեժխնդիր են լինում։ Արդարադատության փոխանախարարը բացառում է, որ դատավորի նկատմամբ քաղաքական հետապնդում իրականցվի։
Վերջին նիստին փաստաբան Աթանեսյանը միջնորդել էր ԲԴԽ հրավիրել և որպես վկա հարցաքննել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին։ Խորհուրդը, սակայն, մերժել էր այդ միջնորդությունը։