Ազգային ժողովն այսօրվա նիստում քվեարկությամբ 83 կողմ ձայնով երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխությունների օրենսդրական նախագիծն ու կից ներկայացված նախագծերի փաթեթը:
Հիշեցնենք, որ օրենքների փաթեթում հատուկ կարգավորում է նախատեսվել, որով հնարավորություն է տրվում տեսչական մարմնին՝ նվազագույն օրենդրական լուծումներով գերբեռնված մեքենաների թույլատրելի առավելագույն քաշի պահպանման նորմերի նկատմամբ հսկողություն սահմանել: Կան երկու ստատիկ կշեռքներ, որոնք պլանավորվում է տեղադրել համապատասխան վայրերում և իրականացնել այդ ավտոմեքենաների կշռումը:
Կառավարության ներկայացրած «Պետական նպաստների մասին», «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքներում փոփոխությունների օրենսդրական նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդունվեց 85 կողմ ձայնով:
Հիշեցնենք, որ նախագծով միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողները ևս երեխայի խնամքի նպաստի, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակության նպաստի իրավունք ձեռք կբերեն:
ԱԺ պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի և Աննա Կարապետյանի ներկայացրած «Դատախազության մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվեց 85 կողմ ձայնով:
ԱԺ պատգամավորներ Արթուր Դավթյանի, Վլադիմիր Վարդանյանի և Աննա Կարապետյանի ներկայացրած «Վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ամբողջությամբ ընդունվեց 85 կողմ ձայնով:
86 կողմ ձայնով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի ներկայացրած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» նախագիծը:
Հիշեցնենք, որ նախագծով առաջարկում է անվճար բարձրագույն կրթության իրավունք տալ զոհված զինծառայողի ծնողին և ամուսնուն:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասաց, որ ըստ ամենայնի հաջորդ շաբաթ ևս կլինի արտահերթ նստաշրջան: