Ուժը կորցրած է ճանաչվել «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ի՝ «Շանգրի Լա» խաղատան կազմակերպման լիցենզիան:
Հուլիսի 8-ին վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովն իր նիստում որոշում էր կայացրել ընկերության խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին:
Այսօր արդեն ՀՀ ֆինանսների նախարարը ստորագրել է որոշումը: «Լիազոր մարմնի ղեկավարը՝ ֆինանսների նախարարը, ստորագրել է որոշում՝ լիցենզիան ուժը կորցրած մասին: Այն օրենքով սահմանված կարգով կուղարկվի ընկերությանը»,- 1lurer.am-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղար Աննա Վարդանյանը:
«Հաշվի առնելով, որ «ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ՍՊԸ մինչև 25.06.2018թ. չի վճարել ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 01.01.2014թ. «ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ՍՊԸ տրված խաղատան կազմակերպման թիվ ԽՏ-001 լիցենզիայի համար 2020 թվականի երրրորդ եռամսյակի պետական տուրքի տարեկան գումարի մեկ քառորդ մասը, ինչպես նաև այն, որ ՀՀ ֆինանսների նախարարի 21.03.2019թ. թիվ 266-Ն հրամանով «ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ՍՊԸ-ի նկատմամբ որպես պատասխանատվության միջոց կիրառվել է լիցենզիայի գործողության կասեցման համար հիմք հանդիսացող խախտման կատարում և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով՝ «ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ՍՊԸ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 01.01.2014թ. տրված թիվ ԽՏ-001 խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած ճանաչել»,- տեղեկանում ենք azdarar.am կայքից:
Հավելենք՝ «Շանգրի լա»-ի կազմակերպիչ «Օնիրա քլաբն» ունի երեք բաժնետեր: Խոշոր բաժնետերերն են Գագիկ Ծառուկյանն ու նրա կինը՝ Ջավահիր Ծառուկյանը, 2.8 տոկոս բաժնեմաս էլ ունի «Մուլտի գրուպ» կոնցեռնը։
Հունիսի 14-ին ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ բացահայտվել են ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի «Մուլտի գրուպ» կոնցեռնի մեջ մտնող «Օնիրա քլաբ» ընկերության կողմից ապօրինի ձեռնարկատիրական գործունեության արդյունքում պետությանը 30 մլրդ դրամի վնաս հասցնելու դեպքեր. հարուցվել է քրեական գործ: