«Լոռի» ֆուտբոլային ակումբի դարպասապահ Վարդան Շահատունու մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել՝ հայտնել է ակումբի ֆեյսբուքյան էջը: Նշվում է, որ նա հոսպիտալացվել է:
«Հարգելի՛ ֆուտբոլասերներ,
COVID-19 համավարակը շարունակում է իր բացասական հետևանքները թողնել ոչ միայն «Լոռի» ֆուտբոլային ակումբի մարզական արդյունքների վրա, այլ նաև հասցրել է վարակել ակումբի ներկայացուցիչներին։
Այսօր թեստի պատասխանը դրական էր դարպասապահ Վարդան Շահատունու մոտ։ Նա արդեն հոսպիտալացվել է և գտնվում է բժիշկների հսկողության տակ։ Եվս երեք ֆուտբոլիստներ այս պահին ունեն բարձր ջերմություն։
Վաղը «Լոռիի» ֆուտբոլիստներն ու անձնակազմը սահմանված կարգով ևս մեկ անգամ կթեստավորվեն։
Ակումբը արագ ապաքինում և առողջություն է մաղթում բոլոր վարակակիրներին»,- նշված է պաշտոնական հայտարարության մեջ:
ՀՀ ընթացիկ՝ 2019-20 առաջնության ավարտից 1 տուր առաջ «Լոռին» մրցանակային խմբի 5-րդ տեղում է: Ունի 40 միավոր: Վերջին՝ 28-րդ տուրում կհյուրընկալի 33 միավորով վերջին՝ 6-րդ տեղում ընթացող «Արարատին»: