Կառավարությունը քննարկեց «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ ընկերության «Լիճք» ենթակայանի վերակառուցման աշխատանքներն իրականացնելու համար մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց իրականացնելու մասին հարցը:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ նախագծի հրատապությունը պայմանավորված է նրանով, որ Կառավարությունը հավանության է արժանացրել «Մասրիկ 1» արևային ենթակայանի կառուցումը, որը ենթադրում է Կառավարության որոշակի պարտավորություններ: Այն է՝ արտադրված էլեկտրաէներգիան պետք է ընդունվի «Լիճք» ենթակայանի միջոցով:
«Այս փուլում «Լիճքը» ընդունակ չէ դա իրականացնելու, որովհետև շահագործման է հանձնվել 1961 թվականին, և այստեղ շինաշխատանքների կարիք կա: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Մասրիկ 1»-ի ֆինանսավորումը մեր կողմից արդեն հաստատվել է, շինարարությունը շուտով կսկսվի, մեր կողմից հրատապ քայլեր են պետք, որ կարողանանք մեր հերթին ավարտել «Լիճքի» շինարարությունը»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ շինարարությունը կիրականացվի «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ միջոցներով և ոչ վարկային միջոցների հաշվին:
Վարչապետը պարզաբանեց՝ նախկինում ձևավորված պայմանագրային բազային համապատասխան՝ այն պահին, երբ «Մասրիկ 1»-ը սկսի էլեկտրաէներգիա արտադրել, Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է այն գնել, բայց եթե նույնիսկ ձեռք չբերի, պարտավոր է դրա դիմաց վճարել, հետևաբար, պետք է սինքրոնացնել կայանների շահագործման ժամկետները, որ ՀՀ-ը վնասներ չկրի:
Սուրեն Պապիկյանը հավելեց, որ այժմ թույլտվություն կա կառուցելու 5 մեգավատտ հզորությամբ 6 կայաններ, որոնց հանրագումարը կազմում է 30 մեգավատտ: «Սա Արցախի Հանրապետության էներգետիկ անվտանգության առումով կարևոր դերակատարում ունեցող ենթակայան է, այսինքն՝ մեկ խնդիր չի լուծվում»,- նշեց ՏԿԵ նախարարը: