Marca-ի տեղեկություններով՝ վերջին տարիներին Մադրիդի «Ռեալ» ակումբի՝ սաների վաճառքից ստացած գումարները կտրուկ աճել են։ Վերջին 4 տարիներին «Ռեալի» ակադեմիայի բոլոր ֆուտբոլիստները տրանսֆերային արժեքով սաների վաճառքի լավագույն հնգյակում են:
Նրանք են՝ Ալվարո Մորատան, Մարկոս Լյորենտեն, Խեսեն, Ռաուլ դե Տոմասը և Աշրաֆ Հաքիմին։
Մորատան «Ռեալի» ամենաթանկ սանն է։ Նա 2017 թվականին 66 մլն եվրոյով տեղափոխվեց «Չելսի»։ Հաքիմին 40+5 մլն եվրոյով տեղափոխվեց «Ինտեր»։ «Ատլետիկոն» 2019-ին 30 մլն եվրո վճարեց Լյորենտեի համար։ 2016-ին Խեսեն 25 մլն եվրոյով տեղափոխվեց «ՊՍԺ», իսկ դե Տոմասը 2019 թվականին 20+2 մլն եվրոյով վաճառվեց «Բենֆիկային»։
Վերջին տարիներին «Ռեալը» շատ ավելի փոքր գործարքներ ևս արել է ակադեմիայի սաների մասնակցությամբ։ Օրինակ՝ Դենիս Չերիշևը 7 մլն եվրոյով տեղափոխվել է «Վալենսիա», Մարիանո Դիասը 8 մլն եվրոյով՝ «Լիոն», իսկ «Ռեալ Սոսյեդադը» Դիեգո Լյորենտեի համար 7 մլն եվրո է վճարել։ Պաշտպան Օմար Մասկարելը 10 մլն եվրոյով տեղափոխվել է «Շալկե»։
2016 թվականից սկսած «Ռեալը» ակադեմիայի սաների վաճառքից աշխատել է 246 մլն եվրո։