ՀՀ վարչապետի հանձնարարությամբ՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչությունը 2020 թ. հունիսին ստուգում է իրականացրել Արագածոտնի մարզի Ակունք համայնքում՝ ՀՀ հողային օրենսդրության պահանջների պահպանման համապատասխանության նկատմամբ։
Համայնքում փաստաթղթերի ուսումնասիրությունից և տեղազննությունից պարզվել է, որ Ակունք համայնքին սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նպատակային նշանակության՝ վարելահող հողատեսքերից 0.3791 հա մակերեսով, այլ հողատեսքերից 0.838 հա մակերեսով և 1.0692 հա մակերեսով արոտավայր հողատեսքից՝ 2017 թ. հունիսի 17-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից տրված օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվությամբ, լեռնահատկացման ակտով և ընդերրքօգտագործման պայմանագրով՝ ՍՊ ընկերության կողմից կատարվում է քարի արդյունահանման աշխատանքներ:
Համայնքի ղեկավարի 05.05.2015 թ. որոշմամբ ՍՊ ընկերությանը համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության 3.1 հա մակերեսով տարածք է տրամադրվել ուղիղ կտրվածքով քարի արտադրություն կազմակերպելու համար, կնքվել է վարձակալության պայմանագիր՝ տարեկան ընդամենը 60000 դրամ գումարով, որը նոտարական վավերացում և պետական գրանցում չի ստացել։
Համայնքի ղեկավարը 30.04.2020 թ. որոշմամբ ՍՊ ընկերությանը խնդրել է ժամանակավորապես դադարեցնել քարհանքի արդյունաբերական գործունեությունը, սակայն ստուգման պահն ևս աշխատանքները դադարեցված չեն եղել։
Վերոնշյալ գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասերի նպատակային նշանակությունն արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության փոփոխելու և փոփոխված հողամասը վարձակալությամբ տրամադրելու վերաբերյալ Տեսչական մարմնի մասնագետներին փաստաթղթեր չեն ներկայացվել։
Այսպիսով, ոչ միայն հողամասերի նպատակային նշանակությունն է խախտված, այլ նաև հողօգտագործումն է ինքնակամ, որի հետևանքով համայնքի բյուջե չեն մուտքագրվել և չեն մուտքագրվում զգալի չափով գումարներ:
Համայնքում արձանագրված խախտումներին իրավական գնահատական տալու և պատասխանատու պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով տեսչական մարմինը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն։