Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում խոսեց անվճար, որակյալ և թափանցիկ առողջապահական համակարգ ստեղծելու առաջին քայլերի մասին:
Նախագահը նշեց, որ արդեն հանձնարարել է, և այսօրվանից պետք է Արցախյան, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների սրտանոթային վիրահատությունների և ընդհանուր բուժման ֆինանսավորումն իրականացվի պետբյուջեի միջոցներով՝ Արցախում, նաև Հայաստանում:
«Այսինքն՝ ովքեր պետք է վիրահատվեն Հայստանի Հանրապետության բժշկական համակարգում, 100-տոկոսով ֆինանսավորելու է Կառավարությունը: Բայց րոպեներ առաջ հանդիպում եմ ունեցել թոշակառու սպաների հետ, որոնց համար ծրագիրը ևս կգործի: Սեպտեմբերի 1-ից Արցախյան, Հայրենական մեծ պատերազմների մասնակից և թոշակառու սպաների համար բժշկությունը կդառնա անվճար, իսկ հունվարի 1-ից անվճար կդառնա մեր մնացած հայրենակիցների համար»,- նշեց Հարությունյանը:
Աշխատավարձերի բարձրացման մասով նախագահը հորդորեց համբերել և տեսնել, թե սեպտեմբերի 1-ից որքան է բարձրանում բժիշկների աշխատավարձը:
«Մենք նաև սկսել ենք մի ծրագիր. անպտղության բուժում և արհեստական բեղմնավորման մեթոդների կիրառման եղանակով մենք կլուծենք առաջին հերթին ժողովրդագրական խնդիր և մեր հայրենակիցների սոցիալական բեռի թեթևացման խնդիր: Արդեն ընտրված է 25 զույգ և մինչև տարեվերջ այդ զույգերի համար կիրականացվի ֆինանսավորում»,- նշեց Արցախի Հանրապետության նախագահը: