«Եվրոպական դատարանը չունի այն գործիքակազմը, որով կարող է կասեցնել Սահմանադրության ուժի մեջ մտնելու փաստը: Մինչդեռ ցանկացած քաղաքացի, եթե ենթադրում է, որ խախտվել է իր իրավունքը, իրավասու է դիմել Եվրոպական դատարան»,- խորհրդարանում «Լուրեր»-ի հարցին ի պատասխան ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը:
Պատգամավորը նաև անդրադարձավ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ նախագահի հանդիպմանը, որի ժամանակ ևս մեկ անգամ Արմեն Սարգսյանը նշել էր՝ նախագահն առաջադրում է ՍԴ դատավորի թեկնածություն, իսկ ընտրում է Ազգային ժողովը:
«Իմ կարծիքով՝ իշխանության 3 մարմինները՝ օրենսդիր, գործադիր և դատական, պետք է նշանակեն իրենց կողմից ՍԴ դատավորների թեկնածուներին: Այստեղ անհրաժեշտություն է առաջանում փոխելու Սահմանադրությունը: Որպես պատգամավոր, ես խոստանում ու երաշխավորում եմ՝ ամեն ինչ անել, որ այս մեխանիզմն աշխատի: Նոր Սահմանադրությունն ընդունելուց հետո կարելի է անցումային դրույթներով ամրագրել դատավարների նշանակման հարցը»,- ասաց պատգամավորը:
Հարցին, թե արդյոք կարելի՞ է համարել որ այլևս ՍԴ ճգնաժամ չկա, Բաղդասարյանը պատասխանեց.
«ՍԴ ճգնաժամի հանգուցալուծումը կլինի, երբ նշանակվեն 3 դատավորները, և այդ պահից ի վեր պետք է բոլոր պետական մարմիններն ու պաշտոնյաները կասկածի տակ չդնեն ՍԴ որոշումները»:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել էր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ: Կարևորելով զսպումների և հակակշիռների պարզ մեխանիզմը՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ դա հնարավորություն կտա խուսափել այնպիսի խնդիրներից ու իրավիճակներից, որոնց անցած երկու տարվա ընթացքում նախագահական ինստիտուտը բախվել է: Որպես օրինակ՝ Հանրապետության նախագահն անդրադարձել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության խնդրին՝ նշելով, որ ներկայիս օրենսդրությամբ Հանրապետության նախագահն առաջադրում է ՍԴ դատավորի թեկնածություն, իսկ ընտրում է Ազգային ժողովը: Երկու տարիների ընթացքում նախագահի կողմից առաջադրվել են թեկնածուներ, որոնք այս կամ այն պատճառով մերժվել են նախկին և ներկա Ազգային ժողովների կողմից: Հետևաբար, ստացվում է, որ նախագահի ձայնն ունի ոչ էական նշանակություն: