ԱԺ-ն քննարկում է «Ընդերքի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը նշեց, որ նախագիծը չի մշակվել որևէ միջազգային պարտավորություն կամ Կառավարության ծրագրի որևէ կետ ապահովելու համար:
Նախագծով առաջարկվող ամենաառաջնային փոփոխությունն արդյունահանման թույլտվության հետ է կապված: Առաջարկվում է արդյունահանման թույլտվություն չտրամադրել այն դեպքում, եթե տվյալ հանքավայրի պաշարները ուսումնասիրված և հաստատված չեն՝ մետաղականի համար՝ վերջին հինգ տարվա ընթացքում, ոչ մետաղականի համար՝ վերջին 10 տարվա ընթացքում:
«Լիազոր մարմինը 30 տարիների ընթացքում տվել է բազմաթիվ արդյունահանման իրավունքներ, որոնք հիմնված են դեռևս խորհրդային տարիների ուսումնասիրությունների՝ 30-40-ական թվականների ուսումնասիրությունների ու տվյալների վրա: Իսկ այս ոլորտը փոփոխական է, և ամեն տարի պաշարների տվյալները փոխվում են: Այսուհետ մենք արդյունահանման իրավունք կտրամադրենք ավելի թարմ, արդիական տվյալների վրա: Նախ իրենք ուսումնասիրություն կիրականացնեն, հետո՝ պաշարների հաստատում՝ համապատասխան փորձաքննությամբ և հետո կդիմեն լիազոր մարմին»,- նշեց Շուշանյանը՝ հավելելով, որ արդյունքում կթարմացվի նաև երկրաբանական տեղեկատվական բազան:
Նախարարությունը պատրաստվում է հանքավայրերը չտրոհելու մասով ռազմավարական քայլերի դիմել՝ առաջնորդվելով այն սկզբունքով, որ հանքավայրերը տրամադրվելու են ամբողջ պաշարով:
«Դա արվում է այսօրվա իրականությունից խուսափելու համար. երբ հանքավայրը բաժանվում է մի շարք տնտեսվարողների միջև, մի շարք լիցենզիաների միջև, դրանով խախտվում է ամբողջ համակարգը պաշարների և՛ հաշվառման, և՛ արդյունավետ տնտեսական կիրառման մասով»,- նշեց փոխնախարարը:
Այսօր ընդերքօգտագործման իրավունքը տրամադրվում է 50 տարով, որը ողջամիտ չէ, նշեց Շուշանյանը, ժամկետը պետք է կրճատվի մինչև 25 տարի՝ մետաղական հանքավայրերի համար, և մինչև 15 տարի՝ ոչ մետաղականի համար: