Հետազոտությունները ցույց են տվել, որ կորոնավիրուսային պանդեմիան նպաստել է հեծանիվների համաշխարհային պահանջարկի աճին, գրում է Lenta-ն:
NPD Group հետազոտական ընկերության տվյալներով՝ ապրիլին ԱՄՆ-ում հեծանիվների, դրանց մասերի և այլ պարագաների վաճառքը աճել է 75 տոկոսով ՝ 2019-ի ապրիլի համեմատ: Չինաստանում էլ հեծանիվների արտադրությունը մայիսին աճել է 44 տոկոսով՝ ամերիկյան շուկան լրացնելու համար:
Հեծանիվների ժողովրդականությունը մեծացել է Մեծ Բրիտանիայում: Ապրիլին պահանջարկն այստեղ աճել է 60 տոկոսով: Մասնագետները դա վերագրում են հասարակական տրանսպորտում վարակվելու բրիտանացիների վախին, ինչպես նաև լավ եղանակին:
Հեծանիվները սիրված փոխադրամիջոց են դարձել եվրոպական այլ երկրներում: AliExpress-ի փոխանցմամբ՝ հունիսին տրանսպորտային այս միջոցի առցանց վաճառքը Իտալիայում աճել է ութ, իսկ Իսպանիայում՝ հինգ անգամ՝ անցած տարվա հունիսի համեմատ: Արտադրողները հայտնում են նաև պատվերների քանակի աճի մասին: Ընկերություններից մեկի ներկայացուցիչը նշել է, որ իշխանությունները սկսել են արձագանքել այս միտումին՝ ստեղծելով հեծանվով տեղաշարժվելու ենթակառուցվածք: