Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ իրենք հստակ բաշխել են մանդատների թվաքանակը, իսկ դրանից հետո այլ անձի մանդատ տրամադրելու գործառույթ ԿԸՀ-ն կարող է և իրավասու է իրականացնել բացառապես թափուր մանդատ առաջանալու պարագայում: Մուկուչյանը հայտնեց, որ ԿԸՀ-ն սահմանված կարգով իրազեկվում է և մանդատը տրամադրում ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին:
Նշենք, որ ԿԸՀ-ն այսօրվա նիստում մերժեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի դիմումը: Դիմումով պահանջվում էր ԼՀԿ-ի նախընտրական ցուցակի հաջորդ համարին տրամադրել պատգամավորական մանդատ՝ վերականգնելու համար խորհրդարանի իշխանական և ընդդիմադիր պատգամավորների սահմանադրական օրենքով նախատեսված հարաբերակցությունը: Խմբակցությունը ԱԺ ընտրությունների արդյունքում ստացել էր 18 մանդատ, սակայն խմբակցությունից հեռացել է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը:
Մուկուչյանը ճեպազրույցի ընթացքում ասաց, որ դիմումով պահանջվում էր տրամադրել մեկ լրացուցիչ մանդատ:
«Արդյուքնում լրջամտորեն հարց էր հնչեցվում՝ արդյոք դա չի՞ բերի բաշխման խախտման: Միանշանակ, կարծում եմ, կբերի, որովհետև մենք բաշխել ենք 132 մանդատ և յուրաքանչյուր մանդատ տալու պարագայում ընդհանուր թիվը մանդատների բնական է, որ մեծանում է: Արդյոք ունի՞ ԿԸՀ-ն նման լիազորություն. միանշանակ՝ ոչ»,- ասաց Մուկուչյանը՝ շեշտելով, որ երբ մանդատը մնում է թափուր, ԿԸՀ-ն իրազեկվում է և մանդատն արձանագրությամբ տրամադրում ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին: