Եվրոպայի ասորիների միությունը հայտարարություն է տարածել Թուրքիայի կողմից Իրաքի հյուսիսում իրականացվող «Մագիլ-արծիվ» անվանումով լայնածավալ ռազմական գործողության մասին՝ հայտնում է Ermenihaber-ը։
Ըստ միության հայտարարության՝ «Քուրդիստանի բանվորական կուսակցության» զինյալների դեմ իրականացվող ռազմական գործողության հետևանքով դատարկվել է այդ շրջանի 20 ասորական գյուղ: Բնակիչները տեղափոխվել են ավելի անվտանգ շրջաններ։
«Եվրոպայի ասորիների միությունը» Իրաքի կենտրոնական իշխանություններին ու տարածքային ինքնակառավարման ղեկավարությանը կոչ է անում շտապ ու կտրուկ միջոցներ ձեռնարկել տարածաշրջանում Թուրքիայի միջամտությունների դեմն առնելու, ռազմագործողությունները դադարեցնելու և շրջանի բնակավայրերի անվտանգությունն ու խաղաղությունը ապահովելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ հունիսի 15-ին Թուրքիայի ՊՆ-ն հայտարարել էր Իրաքի հյուսիսում «Քուրդիստանի բանվորական» կուսակցության դեմ ռազմական գործողության մեկնարկի մասին։ Անկարայի նպատակն է վերացնել Իրաքի հյուսիսում գտնվող PKK-ի հենակետերը։