Սմբուկն արևի տակ փչացավ, դարձավ անասնակեր, գյուղապետարանի դռներն այդպես էլ չբացվեցին, որ տեղեկանք տան՝ գյուղացին իր բերքը տանի, հանձնի սուպերմարկետին։ Եղեգնուտն այս պահին ղեկավար չունի․ ժամամանակավոր պաշտոնակատարի լիազորություններն օրերս դադարեցրել են, որ նախկինին վերադարձնեն։ Գյուղացիները չեն ուզում։ Ասում են՝ 34 տարի ոչինչ չի արել գյուղի համար, փոխարենն իր կամքն է պարտադրել, զրկել իրենց ձայնի իրավունքից։
Նախկին գյուղապետ Ռազմիկ Մարգարյանը Եղեգնուտը ղեկավար է 34 տարի։ Հեղափոխությունից հետո համայնքի բնակիչները մերժեցին նրան։ Մարգարյանը ստիպված եղավ հրաժարականի դիմում ներկայացնել ավագանուն։ Ավագանին դիմումը թողեց անհետևանք։ Իսկ մարզպետարանի նախկին ղեկավարությունը նրա լիազորությունները դադարեցնելու որոշում կայացրեց։ Չնայած հրաժարականին, Մարգարյանը դիմեց դատարան:
Վերաքննիչը վճիռը բավարարել է մասնակի, այսինքն, մարզպետի 18 թվի որոշումը ճանաչել անվավեր, մնացած մասով թողնել անփոփոխ։ Այդ ընթացքում Մարգարյանը հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ կլոր կնիքը, աշխատասենկաի բանալիները վերադարձնելու վերաբերյալ։
Դատարանի որոշումն ու Ռազմիկ Մարգարյանին աշխատավայր վերադարձնելու լուրը բողոքի ալիք է բարձրացրել գյուղում։ Իմանալով, որ մարզպերատարանից հանձնաժողով է գալու՝ հանձնում-ընդունում անելու, բնակիչները փակել էին գյուղապետարանի շենքը՝ ընդվզելով նախկինի վերադարձի դեմ։
Բողոքի ակցիային միացել էին նաև իրավապաշտպաններ։ Բարձրաձայնում էին, ըստ իրենց, Մարգարյանի թույլ տված ահռելի չափերի չարաշահումների մասին՝ դրա վրա հրավիրելով երկրի ղեկավարության ուշադրությունը։
Գյուղացիները Ռազմիկ Մարգարյանին մեղադրում են նաև հողերի ապօրինի վաճառքի, համայնքի գույքը հարազատ-բարեկամներին բաժանելու, գյուղն ու գյուղացիներին թշվառության մեջ պահելու համար։ Մարգարյանը զարմացած է։ Ինքը 212 մլն դրամ բյուջե է թողել, գյուղ է կառուցել, գազիֆիկացրել, ինչպե՞ս են իրեն մեղադրում թալանի համար։
Ռազմիկ Մարգարյանը համարում է, որ իրեն ապօրինի են զրկել պաշտոնից։ Ճիշտ է՝ հիմա դատարանը հօգուտ իրեն է որոշում կայացրել, բայց կնիքը, աշխատասենյակն ու բանալիները դեռ իր ձեռքում չեն։ Դրանք վերադարձնելու հայցով ևս դիմել էր վարչական դատարան, իսկ օրերս դիմումը հետ վերցրել։ Վստահ է՝ կառավարման գործիքները շուտով իր ձեռքում են լինելու։ Բայց գյուղացիներն այդպես չեն մտածում․ ասում են՝ թույլ չենք տալու գյուղապետարան մտնի։