2019 թվականին սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել են Մեծամոր քաղաքի թիվ 8 և 23 բազմաբնակարան շենքերի տանիքները` 1440 քմ ընդհանուր մակերեսով: Ծրագրի նախագծանախահաշվային արժեքը կազմել է 42 մլն դրամ: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը:
«Շուրջ 5 մլն դրամի շրջանակում իրականացվել է քաղաքի կանաչապատ տարածքների ոռոգման ցանցի վերականգնման և նոր ցանցի կառուցման ծրագիրը:
204 մլն դրամ ծրագրային արժեքով վերակառուցվել է քաղաքի թիվ 1 մանկապարտեզը` համայնքի 8 մլն 648 հազար դրամ համաֆինանսավորմամբ:
Մեծամորի վարչական տարածքով անցնող ճանապարհահատվածն ապահովվել է գիշերային լուսավորությամբ:
Իսկ 2020 թվականին «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի սպասարկման տարածքում գտնվող համայնքների ջրամատակարարման համակարգերի վերակառուցման ծրագրի շրջանակում մարզի յոթ համայնքում, այդ թվում` Մեծամորում, պետության աջակցությամբ համակարգի բարելավմանն ուղղված աշխատանքներ կիրականացվեն:
Համայնքապետարանի կողմից էլ փոսալցման և հարթեցման աշխատանքներ են նախատեսված»,- գրել է մարզպետը: