Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հրավիրված ասուլիսի ընթացքում տեղեկացրեց, որ հակաճգնաժամային երկրորդ միջոցառման շրջանակում տրամադրվել է 16 200 վարկ՝ ընդհանուր 23 միլիարդ դրամ ծավալով:
Փոխնախարարի խոսքով՝ առաջին միջոցառման ընթացքում գյուղատնտեսության ոլորտում գործող կազմակերպությունների գործառնական ծախսերն ապահովելու համար տրամադրվել է 6 միլիարդ դրամ: Խոջոյանը հայտնեց, որ մինչև օրս 2020 թվականի պետական օժանդակության ծրագրերով գյուղատնտեսության ոլորտին տրամադրվել է 18 000 վարկ՝ ընդհանուր 37 միլիարդ դրամ ծավալով:
«Համեմատական կարգով նշեմ, որ այս ցուցանիշն ավելի քան երեք անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համար տրամադրված վարկերին»,- ասաց նախարարի տեղակալը:
Խոջոյանը հայտնեց, որ շատ ակտիվ գյուղատնտեսական սեզոն է, և իրականացվում են գյուղմթերքի արտահանման ու մթերման գործընթացներ: Նախարարի տեղակալի խոսքով՝ արտահանումն իրականացվում է սահուն, քանի որ բեռնատարներն անարգել անցնում են սահմանային անցակետերը և գյուղմթերքը ժամանակին հասցնում արտաքին շուկաներ:
«Այս պահի դրությամբ, համաձայն մեր օպերատիվ տվյալների, Հայաստանից արտահանվել է 13 հազար տոննա ծիրան, շուրջ 3200 տոննա կեռաս, 21 հազար տոննա լոլիկ, 800 տոննա ելակ: Ընդհանուր առմամբ՝ 58 հազար տոննա պտուղ-բանջարեղեն արտահանվել է 2020 թվականին, որը 2019-ի համեմատ 15 տոկոսով քիչ է»,- ասաց Խոջոյանը:
Նա նշեց, որ 15 տոկոսով պակաս ցուցանիշը հիմնականում կապված է խնձորի արտահանման հետ, քանի որ այս տարի արտահանվել է 5500 տոննա, մինչդեռ 2019 թվականի նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմում էր 11 500 տոննա:
Խոջոյանը նաև տեղեկացրեց, որ մթերման գործընթացներն ակտիվ ընթանում են: Այս պահի դրությամբ մթերվել է մոտ 5500 տոննա պտուղ-բանջարեղեն, որից 1200 տոննան միայն բանջարեղենն է: