Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վարչատնտեսական բաժնի տնօրեն տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը 1lurer.am-ի հետ զրույցում անդրադարձավ Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելու՝ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի ցանկությանը:
«Կարծում եմ՝ կրոնական բոլոր կառույցները ինչ նպատակով որ կառուցվել են, այդ նպատակով էլ պետք է գործածվեն: Ավելի ճիշտ կլինի Սուրբ Սոֆիան վերադարձնել ուղղափառ եկեղեցուն՝ որպես ուղղափառների համար պաշտամունքային կառույց, ոչ թե մզկիթի վերածել:
Այդ տեսակի խնդիրներ ունենք նաև Արևմտյան Հայաստանում գտնվող շատ հայկական եկեղեցիների դեպքում: Օրինակ՝ Կարսի պատմական, գեղեցիկ եկեղեցին, որն այսօր մզկիթի է վերածվել»,- նշեց Մուշեղ սրբազանը:
Հիշեցնենք, որ Սուրբ Սոֆիայի տաճարը կառուցվել է 537 թվականին: 989 թ. երկրաշարժից հետո հայ ճարտարապետ Տրդատը Բարսեղ Երկրորդ կայսեր խնդրանքով վերակառուցել է տաճարի գմբեթը և վնասված հատվածները: Մինչև 1453 թվականը Սուրբ Սոֆիան եղել է Արևելյան ուղղափառ տաճար և Կ. Պոլսի տիեզերական պատրիարքի նստավայրը: 1453 թվականի մայիսի 29-ին այն վերածվել է մզկիթի՝ այդ կարգավիճակում մնալով մինչև 1931 թվականը: Այնուհետև Սուրբ Սոֆիան աշխարհիկացվել է և 1935 թվականի փետրվարի 1-ին դարձել բաց թանգարան:
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը դեռ նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտնել էր Սուրբ Սոֆիան կրկին որպես մզկիթ տեսնելու իր ցանկությունը, իսկ վերջերս վերահաստատել էր այն: Թուրքիայի Հանրապետության պետական խորհուրդը օրակարգ է բերել տաճարին թանգարանի կարգավիճակ շնորհած թուրքական կառավարության 1934 թ. որոշումը չեղարկելու հարցը։