Սպիտակ տան վարաչակազմի քաղաքականությունը Մեծ Եղեռնի հարցում փոփոխության չի ենթարկվել։ Այս մասին «Ամերիկայի ձայնին» հայտնել են Սպիտակ տնից և հավելել, որ ԱՄՆ նախագահը վերահաստատել է, որ «Մեծ Եղեռնը պատմական ոճրագործություն և ողբերգություն է, և ԱՄՆ-ը կանգնած է հայ ժողովրդի կողքին»:
«Երկուշաբթի օրը Սպիտակ տան մամլո խոսնակ Քեյլի Մըքենանն արտաբերել էր ՛«Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը՝ անդրադառնալով ամերիկյան Դենվեր քաղաքում վանդալիզմի զոհ դարձած Հայոց ցեղասպանության հուշահամալրին: Այն հարձակման էր ենթարկվել մի քանի շաբաթ առաջ` ռասայական խտրականության դեմ բողոքի ցույցերի ընթացքում:
«Երբ պղծվում է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը, որը ոգեկոչում է մարդկության դեմ կատարված բոլոր հանցագործությունների՝ այդ թվում ստրկության զոհերի հիշատակը, գործ ունենք գիտակցության և պատմական գիտելիքի պակասի հետ»,- նշել էր Սպիտակ տան մամլո խոսնակը:
Սպիտակ տան մամլո խոսնակի խոսքերն ակտիվ քննարկումների առարկա էր դարձել մամուլում ու խնդրի հետ առնչվող շրջանակներում: Թուրքիան արձագանքել է մամլո խոսնակի խոսքերին՝ լրատվամիջոցներին հայտնելով, որ Թրամփի վարչակազմի դիրքորոշումն այս հարցի շուրջ լայնորեն հայտնի է: Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանությունը լրատվամիջոցներին հայտնել է, որ անընդունելի է որակում «Հայոց ցեղասպանություն» եզրի օգտագործումը՝ կարծիք հայտնելով, որ մամլո խոսնակի կողմից դրա կիրառումը «լեզվի ցավալի սայթաքման արդյունք է, որը խնդրին տվել է այլ բովանդակություն»:
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը, ֆեյսբուքյան իր գրառման մեջ մեկնաբանել է Դենվերում Հայոց ցեղասպանության հուշարձանի շուրջ զարգացումները՝ մատնանշելով ՀՀ ԱԳՆ-ի նախկինում արված մեկնաբանությունն այս առիթով: ՀՀ դեսպանությունը շեշտել է նաև, որ Հայաստանը գնահատում է Միացյալ Նահանգների իշխանությունների պատշաճ ուշադրությունն այս հարցի նկատմամբ:
Ամերիկահայ կազմակերպությունները ևս արձագանքել են մամլո խոսնակի խոսքերին: Ամերիկայի հայկական համագումարը մամուլի միջոցով երախտագիտություն է հայտնել վարչակազմից Հայոց ցեղասպանության հուշահամալիրը հիշատակելու համար, իսկ Վաշինգտոնի Հայ դատի հանձնախումբը նշել է, որ Մըքենանի մեկնաբանությունը կարող է առաջին քայլը հանդիսանալ դեպի Հայոց ցեղասպանության ճանաչում ԱՄՆ-ի իշխանությունների բոլոր մարմինների կողմից: