Ազգային ժողովը 73 կողմ ձայնով հավանություն տվեց «Ընդերքի մասին» օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենսդրական նախագծին: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չմասնակցեց նախագծի քվեարկությանը, քանի որ, պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանի փոխանցմամբ, օրենքը ծավալուն է, և իրենց դիրքորոշումը կհայտնեն վաղը՝ հանձնաժողովի նիստից հետո:
Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվող ամենաառաջնային փոփոխությունն արդյունահանման թույլտվության հետ է կապված: Առաջարկվում է արդյունահանման թույլտվություն չտրամադրել այն դեպքում, եթե տվյալ հանքավայրի պաշարները ուսումնասիրված և հաստատված չեն՝ մետաղականի համար՝ վերջին հինգ տարվա ընթացքում, ոչ մետաղականի համար՝ վերջին 10 տարվա ընթացքում:
«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և կից օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվեց 82 կողմ, 1 դեմ և 2 ձեռնպահ ձայներով:
Հիշեցնենք, որ օրենքների փաթեթում հատուկ կարգավորում է նախատեսվել, որով հնարավորություն է տրվում տեսչական մարմնին՝ նվազագույն օրենդրական լուծումներով գերբեռնված մեքենաների թույլատրելի առավելագույն քաշի պահպանման նորմերի նկատմամբ հսկողություն սահմանել: Կան երկու ստատիկ կշեռքներ, որոնք պլանավորվում է տեղադրել համապատասխան վայրերում և իրականացնել այդ ավտոմեքենաների կշռումը:
«Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ՝ 86 կողմ ձայներով:
Հիշեցնենք, որ նախագծով միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողները ևս երեխայի խնամքի նպաստի, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակության նպաստի իրավունք ձեռք կբերեն:
ԱԺ-ն 86 կողմ ձայնով, երկրորդ ընթերցմամաբ ընդունեց «Քրեական դատավարության» օրենսգրքում լրացումներ կատարելու օրենսդրական նախագիծը:
«Վարչական դատավարության» և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքներում լրացում կատարելու օրենսդրական նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդունվեց 86 կողմ ձայնով:
ԱԺ պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի և Աննա Կարապետյանի ներկայացրած «Դատախազության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 86 կողմ ձայներով:
ԱԺ պատգամավորներ Արթուր Դավթյանի, Վլադիմիր Վարդանյանի և Աննա Կարապետյանի ներկայացրած «Վարչական դատավարության օրենսգրում լրացում կատարելու օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունվեց կրկին 86 կողմ ձայներով:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի ներկայացրած «Զինծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 86 կողմ ձայներով:
Հիշեցնենք, որ նախագծով առաջարկում է անվճար բարձրագույն կրթության իրավունք տալ զոհված զինծառայողի ծնողին և ամուսնուն:
ԱԺ պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի, Նիկոլայ Բաղդասարյանի և Նարեկ Զեյնալյանի ներկայացրած՝ «Լիցենզավորման» և «Վարչական իրավախախտումների» օրենքներում լրացումների նախագիծը 86 կողմ ձայներով ընդունվեց առաջին ընթերցմամբ:
Հիշեցնենք, որ նախագծով վերահսկողություն իրականացնելու գործառույթը կկատարի Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը: Կսահմանվի՝ եթե առաջին անգամ դեղատունն իր գործառույթը չի համապատասխանեցնում Կառավարության սահմանած չափանիշներին, տեսչությունը նախազգուշացնում է փաստաթղթով: 30 օրվա ընթացքում դեղատունը հնարավորություն է ունենում շտկելու սխալը, հակառակ դեպքում՝ տեսչությունը կարող է դիմել լիցենզավորման մարմնին՝ դեղատան գործունեությունը կասեցնելու համար: Եթե այս դեպքում էլ խնդիրը չի լուծվում, դեղատունը զրկվում է լիցենզիայից, ընդհանրապես:
Պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի, Նիկոլայ Բաղդասրայանի և Նարեկ Զեյնալյանի ներկայացրած՝ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու և կից ներկայացված նախագծերի փաթեթն էլ առաջին ընթերցմամբ ընդունվեց 61 կողմ, մեկ դեմ և 20 ձեռնպահ ձայներով: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն ասաց, որ նախագծի լրամշակված տարբերակը կայքում տեղադրված չի եղել և նիստի ընթացքում է տրամադրվել: Ասաց, որ իրենք կքվեարկեն ձեռնպահ:
ԱԺ պատգամավորներ Արտակ Մանուկյանի, Վարազդատ Կարապետյանի ներկայացրած՝ «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու նախագիծն էլ երկրորդ ընթերցմամբ ընդունվեց 86 կողմ ձայներով: