«Արմմոնո» 18-րդ միջազգային թատերական փառատոնն այս տարի տեղի կունենա օգոստոսի 1-10-ը՝ տեղեկացնում են փառատոնի մամուլի ծառայությունից։ Փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը հույս է հայտնել, որ դա հնարավոր կլինի. բոլոր ներկայացումները կանցկացվեն բացօթյա՝ խստորեն պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները:
Փառատոնի բոլոր ներկայացումները կցուցադրվեն նաև առցանց, քանի որ հանդիսատեսի թույլատրելի քանակը սահմանափակ է լինելու:
Այս տարի «Արմմոնոն» նվիրված է հայ մեծանուն գրող, արձակագիր Հրանտ Մաթևոսյանի 85-ամյակին:
Հասկանալի պատճառներով, արտերկրից դերասաններ փառատոնին չեն մասնակցի, սակայն առցանց տիրույթը գերհագեցած կլինի. կցուցադրվեն օնլայն ներկայացումներ Ֆրանսիայից, ՌԴ-ից, Վրաստանից, Լիտվայից, Ուկրաինայից և այլն:
«Արմմոնո» միջազգային թատերական փառատոնը կանցկացվի նաև Վանաձորում՝ Հ. Աբելյանի անվան թատրոնի բացօթյա տարածքում։ Փառատոնը կազմակերպվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։