Fly Armenia Airways-ը ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից Ավիափոխադրողի վկայական ստանալուց հետո ուրախ է տեղեկացնել հայաստանյան շուկա մուտք գործելու մասին` հայ հասարակության և գործարար համայնքի համար նոր շահավետ առաջարկներով՝ տեղեկացնում է ընկերության մամուլի հաղորդագրությունը։
«Մեր ընկերության ղեկավար կազմը բաղկացած է հայ ավիացիոն փորձագետներից և Lufthansa ավիաընկերությունում աշխատած փորձառու մասնագետներից:
Մեր ավիաընկերությունը մատուցում է լիարժեք ծառայություններ և հիմնվում է հայկական հայտնի հյուրընկալությունը ուղևորներին մատուցելու սկզբունքների վրա: Մեր սպասարկումը ներառում է անվճար սնունդ, անվճար ուղեբեռ և մինչև երկու տարեկան երեխաների անվճար փոխադրումներ, ինչպես նաև բազմաթիվ այլ անվճար ծառայություններ, որոնք մինչ այժմ հայտնի չէին հայ ճանապարհորդներին:
Մեր ուղևորատար օդանավատորմը, որը բաղկացած է Boeing 737 ինքնաթիռներից, կընդլայնվի, քանի որ մոտ ապագայում պլանավորված ուղղությունների քանակը (ներկա պահին՝ Ռուսաստան, Եվրոպա և Մերձավոր Արևելք) կավելանա՝ հաշվի առնելով դեպի Լոս Անջելես, Պեկին և Շանհայ իրականացվելիք չվերթները:
Մեր նպատակն է՝ ավելացնել ուղևորների թիվը և բեռնափոխադրումների ծավալը դեպի Հայաստան և Հայաստանից դուրս: Դա կօգնի բարելավելու Հայաստանի լոգիստիկ և տնտեսական դրությունը շուկայում, իսկ մեր հուսալի ուղևորային և բեռային (կարգո) ծառայությունների շնորհիվ հնարավոր կլինի զբոսաշրջային և բիզնես նոր ուղղությունների ստեղծումը:
Fly Armenia Airways-ն իր բեռնափոխադրումների համար կշահագործի Airbus A 300F և Boeing B-747F բեռնատար օդանավերը: Երևանի օդանավակայանը կծառայի որպես տարանցիկ կենտրոն իր բարենպաստ աշխարհագրական դիրքի շնորհիվ:
Fly Armenia Airways-ն ներկայանում է որպես «Հայաստան-Սփյուռք» ավիաընկերություն, որը տրանսպորտային ծառայություններ է մատուցելու ինչպես հայրենիքում, այնպես էլ սահմաններից դուրս բնակվող և աշխատող հայերին: Գործի բերումով ճամփորդելիս, հանգստանալիս թե տուն վերադառնալիս մեր ուղևորները լիարժեքորեն կարող են գնահատել բարձրակարգ ավիածառայությունների առավելությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ: