Covid-19-ի առաջին դեպքը գրանցվել է Վրաստանում փետրվարի վերջին: Կառավարությունը արագ արձագանքել է: Մարտի կեսերին փակվեցին բոլոր դպրոցները, համալսարանները և ձեռնարկությունները, որոնք կենսական նշանակություն չունեին կյանքի աջակցության համար, և դադարեցվեց հասարակական տրանսպորտի աշխատանքը:
Մարտի 21-ին ներդրվեց արտակարգ դրություն, արգելվեցին զանգվածային միջոցառումներն ու ուղևորությունները քաղաքից քաղաք: Գիշերային ժամերին սկսեց գործել պարետային ժամը:
Վրացական կառավարությունը շնորհակալություն է հայտնել ժողովրդին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում իշխանության առաջարկություններին խստորեն հետևելու համար: Դրան նպաստել են նաև կարանտինի կանոնները խախտելու համար լուրջ տուգանքները՝ հազար դոլար ֆիզիկական անձանց և ավելի քան երեք հազար՝ ձեռնարկատերերի համար:
Լրագրողը նշել է, որ չնայած վրաց հասարակությունը շատ խոր հակասություններ ունի քաղաքական հարցերի շուրջ, մարդիկ մնացին համախմբված համաճարակի դեմ պայքարում:
«Վրաց ժողովրդի համագործակցության պատրաստակամությունը և նրանց օրինակելի սոցիալական պատասխանատվությունը՝ հետևել բոլոր ցուցումներին և առաջարկություններին, օգնեցին հարթեցնել հիվանդության կորը»,- BBC-ին գրել է վարչապետ Գիորգի Գախարիան:
Համաճարակի դեմ պայքարում հաջող մարտավարության ընտրության համար Վրաստանի բնակիչները շնորհակալություն են հայտնում երեք գիտնականի, որոնք հայտնի են դարձել որպես «երեք հրացանակիրներ»:
Եռյակում ընդգրկված են Առողջապահության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն, Լուգարի լաբորատորիայի ղեկավար Պաատա Իմնաձեն և Վրաստանի գլխավոր համաճարակաբան, Թբիլիսիի վարակիչ հիվանդությունների, ՁԻԱՀ-ի և իմունաբանության կենտրոնի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն: Խմբում է նաև Դ՛Արտանյանը՝ Թբիլիսիի առաջին համալսարանական կլինիկայի տնօրեն Լևան Ռատիանին: Կորոնավիրուսի դեմ պայքարում վրաց հասարակության շրջանում մեծ հարգանք է վայելում նաև Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի գլխավոր բժիշկ Մարինա Էզուգբայան: