Միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողները ևս երեխայի խնամքի նպաստի, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակության նպաստի իրավունք ձեռք կբերեն: Այսօր Ազգային ժողովում քննարկվում է Կառավարության ներկայացրած «Պետական նպաստների» և «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների» մասին օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանն ընդգծեց, որ գործող կարգավորմամբ՝ միկրոձեռնարկության սուբյեկտ համարվող գործատուի վարձու աշխատողը չունի ժամանակավոր անաշխատունակության և խնամքի նպաստի իրավունք: Վճարում են եկամտային հարկ՝ ֆիքսված դրույքաչափով՝ ամսական 5000 դրամ, որը, Սաիյանի փոխանցմամբ, իրավակիրառ պրակտիկայում խնդիրներ է առաջացրել:
Նախագծով առաջարկվում է վերանայել այդ կարգավորումը: Միկրոձեռնարկության սուբյեկտի վարձու աշխատողը կարող է ստանալ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ և հավակնել ժամանակավոր անաշխատունակության նպաստի, եթե այդ ընթացքում հիվանդացել է: Մայրության նպաստը ևս կնշանակվի և կհաշվարկվի գործատուի կողմից:
«Նախատեսվում է, որ ընդհանուր հիմունքներով կնշանակվի ժամանակավոր անաշխատունակության նպաստ և մայրության նպաստ՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի համար: Հաշվի առնելով այս անձանց հարկման համակարգի առանձնահատկությունները, որ, անկախ եկամտի չափից, անկախ աշխատավարձի չափից, վճարում են ֆիքսված 5000 դրամ եկամտային հարկ, որոշակի կարգավորումներ կտրվեն: Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստները կնշանակվեն և կհաշվարկվեն նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ դեպքում տվյալ անձինք կատարում են ֆիքսված չափի հարկային պարտավորություն»,- ասաց Սաիյանը:
Նախագծով պարտադիր պայման է սահմանվում, որ ժամանակավոր անաշխատունակության նպաստը պետք է ծագած լինի 2020 թվականի հունվարի 1-ից հետո: Մայրության նպաստի հետ կապված էլ սահմանվում է, որ նպաստը գործատուն կնշանակի և կվճարի միայն այն դեպքում, եթե հղիության, ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո է:
«Անցումային դրույթներով լուծում է տրվում նաև խնամքի նպաստի իրավունքին, մասնավորապես՝ դիմելու դեպքում խնամքի նպաստը կնշանակվի՝ խնամքի նպաստի իրավունք ձեռք բերելու օրվանից՝ անկախ այս անցած ժամանակահատվածից: Հաշվի է առնվում այն հանգամանքը, որ դրան համարժեք որևէ այլ դրամական վճարում այս քաղաքացիները չեն ստացել»,- ասաց նախարարի տեղակալը: