Ազգային ժողովում քննարկվում է Աժ պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի, Նիկոլայ Բաղդասարյանի և Նարեկ Զեյնալյանի ներկայացրած՝ «Լիցենզավորման» և «Վարչական իրավախախտումների» օրենքներում լրացումների նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն ասաց.
«Խաչմերուկներում, որտեղ տեղադրված են դեղատների կանաչ խաչերը, երբեմն նույնականացվում են լուսացույցի հետ: Կառավարությունն ընդունել էր որոշում, որով, թվում է, հարցը պետք է կարգավորված լիներ: Ըստ օրենքի՝ դեղատների կանաչ խաչերը պետք է չլինեին թարթող, նաև սահմանված էր դրանց վառվելու ժամանակահատվածը: Սակայն չկար մարմին, որը վերահսկեր այդ ամենը»:
Այս փոփոխությամբ նախատեսվում է, որ վերահսկողություն իրականացնելու գործառույթը կկատարի Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը: Կսահմանվի՝ եթե առաջին անգամ դեղատունն իր գործառույթը չի համապատասխանեցնում Կառավարության սահմանած չափանիշներին, տեսչությունը նախազգուշացնում է փաստաթղթով: 30 օրվա ընթացքում դեղատունը հնարավորություն է ունենում շտկելու սխալը, հակառակ դեպքում՝ տեսչությունը կարող է դիմել լիցենզավորման մարմնին՝ դեղատան գործունեությունը կասեցնելու համար: Եթե այս դեպքում էլ խնդիրը չ լուծվում, դեղատունը զրկվում է լիցենզիայից, ընդհանրապես: