ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշում է կայացրել բավարարել դատախազության բողոքը և 2001 թ. սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը «Առագաստ» սրճարանում կատարված Պողոս Պողոսյանի սպանության վերաբերյալ քրեական գործն ուղարկել է ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ նոր քննություն կատարելու համար։
Ինչպես տեղեկացրել էինք ավելի վաղ, Երևան քաղաքի դատախազությունում ուսումնասիրվել էր Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննված՝ 2001 թ. սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը «Առագաստ» սրճարանում Պողոս Պողոսյանի սպանության վերաբերյալ քրեական գործը, Սթիվեն Ջոն Նյուտոնի ներկայացուցիչների դիմումը, դրան կից ներկայացված փաստաթղթերը:
Արդյունքում պարզվել էր, որ 25.09.2001 թ. ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 100-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործով ՀՀ ԱԱ նախարարության աշխատակից Աղամալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածով նախատեսված՝ հանցավոր անփութությամբ անզգուշ սպանություն կատարելու համար: Դատարանը հաստատված է համարել, որ 25.09.2001 թ.՝ ժամը 00:30-ի սահմաններում, Երևանի «Առագաստ» սրճարանի զուգարանում վերջինիս և ոգելից խմիչք օգտագործած վիճակում գտնվող Պ.Պողոսյանի միջև տեղի է ունեցել փոխադարձ քաշքշուկ, հասցվել են փոխադարձ հարվածներ, որոնց ընթացքում Պ. Պողոսյանը մեջքի ուղղությամբ վայր է ընկել, գլխի հետևի մասով հարվածել զուգարանի սալիկապատ հատակին, որի հետևանքով ստացած գանգուղեղային ծանր մարմնական վնասվածքից մահացել է: Դատարանի 2002թ. փետրվարի 21-ի դատավճռով ամբաստանյալ Աղամալ Հարությունյանը դատապարտվել է 2 տարի ժամկետով ազատազրկման, միաժամանակ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան՝ 1 տարի ժամանակով:
Դեպքի վերաբերյալ Սթիվեն Ջոն Նյուտոնի ներկայացուցիչների կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմումի և դրան կից՝ վերոնշյալ դեպքի առնչությամբ Ս. Ջ. Նյուտոնի հայտարարության ուսումնասիրությամբ պարզվել է, որ հայտարարությունն էական նշանակություն ունեցող այնպիսի տեղեկություններ է պարունակում դեպքի մասին, որոնք վկայում են մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով դիտավորությամբ սպանություն կատարելու մասին:
Այսինքն՝ ի հայտ են եկել այնպիսի նոր հանգամանքներ, որոնք կարող են ապացուցել, որ գործով դատապարտված անձը առերևույթ կատարել է ավելի ծանր հանցանք՝ սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում, քան այն, որի համար դատապարտվել է, և որոնք առերևույթ վկայում են հանցանքի կատարմանը նաև այլ անձանց մասնակցության մասին:
Ելնելով վերոգրյալից՝ Պ. Պողոսյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով կայացված դատական ակտը նոր երևան եկած հանգամանքների հետևանքով վերանայելու համար Երևան քաղաքի դատախազությունում հարուցվել էր համապատասխան վարույթ և քննություն կատարելու հանձնարարությամբ ուղարկվել ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժին:
Վարույթի ընթացքում կատարվել են մի շարք գործողություններ, հարցաքննվել են վկաներ, որոնք հաստատել են Պողոս Պողոսյանին մի քանի հոգով ծեծի ենթարկելու հանգամանքը: Հարցաքննվել է նաև Ջոն Սթիվեն Նյուտոնը, որը տվել է ներկայացված վերոնշյալ վկայությանը նույնաբովանդակ ցուցմունք:
Նշանակվել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, որի արդյունքներն էականորեն տարբերվում են նախկինում քրեական գործով տրված եզրակացության տվյալներից:
Նշված հանգամանքը, քրեական գործով ձեռք բերված այլ փաստական տվյալների, այդ թվում` գործով հարցաքննված անձանց ցուցմունքների հետ համակցությամբ, հաստատում են, որ մի խումբ անձինք ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Պողոս Պողոսյանի մարմնի տարբեր մասերին, հատկապես գլխին, և պատճառել փակ բութ գանգուղեղային վնասվածք։
Այսինքն՝ հարուցված վարույթի արդյունքում ձեռք են բերվել այնպիսի նոր հանգամանքներ, որոնք ինչպես ինքնին, այնպես էլ մինչ այդ պարզված հանգամանքների հետ ապացուցում են, որ մի խումբ անձինք առերևույթ կատարել են ավելի ծանր հանցանք՝ սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում, քան այն, որի համար անձը դատապարտվել է:
Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը 2020 թվականի հունվարի 17-ին բողոք էր ներկայացրել ՀՀ վերաքննիչ դատարան՝ նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայելու և ամբողջությամբ բեկանելու 2002 թ. փետրվարի 21-ի դատավճիռը՝ գործն ուղարկելով համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության:
Եվ ահա 2020 թ․ հուլիսի 6-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը կայացրած որոշմամբ բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա․ Հարությունյանի ներկայացրած բողոքը, բեկանել դատարանի 2002 թ․ փետրվարի 21-ի դատավճիռը և նոր քննություն կատարելու համար գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:
Միաժամանակ, դատարանի որոշմամբ, Աղամալ Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: