Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվում է խմելու ջրատարի արտաքին ցանցը՝ 5 կիլոմետր երկարությամբ՝ տեղեկացրել է մարզպետ Գնել Սանոսյանը:
«Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմել է 61 միլիոն 193 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը,
30 տոկոսը՝ Ծովակի համայնքապետարանը:
Շինարարական աշխատանքների մրցույթի արդյունքներն այսօրվա դրությամբ արդեն ամփոփված են. այսպիսով, ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 46 միլիոն դրամ:
Համայնքի համար անչափ կարևոր խնդիր է լուծվում, քանի որ Լճավանից սնվող խմելու ջրատարի արտաքին ցանցը, որը կառուցվել է 1956 թվականին, ասբեստյա խողովակներով, մի կերպ է ծառայում նպատակին: Բացի ցանցում առկա կորուստներից՝ խնդիր է նաև մաքուր խմելու ջրի մատակարարումը: Ծրագրի ավարտից հետո համայնքը կունենա շուրջօրյա և անվտանգ ջրամատակարարում:
Բացի դրանից՝ համայնքից շուրջ 30 հոգու համար կապահովվի ժամանակավոր աշխատատեղ: Նոր ջրատարը հիմնականում կկառուցվի մետաղապլաստե, առանձին հատվածներում՝ երկաթյա խողովակներով։ Շինարարությունը կմեկնարկի հուլիսի կեսերից, և նախատեսվում է ավարտել 4 ամսվա ընթացքում: Շինարարները, սակայն, խոստանում են ավելի վաղ ավարտել աշխատանքները»,- գրել է մարզպետը Ֆեյսբուքի էջում: