ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստուգայցեր է իրականացրել մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանում:
Այդ վարչական շրջանի «Նոր Զովք» առևտրի կենտրոնում ՍԱՏՄ տեսուչներն արձանագրել են մի քանի խախտում. թերի են լրացվել աշխատակիցների ջերմաչափման գրանցամատյանները, կենսաթոշակային տարիքի հաճախորդների համար նախատեսված՝ 10-ից 12-ն ընկած ժամանակահատվածում սպասարկվել են նաև այլ հաճախորդներ: Մասնագետները տարածքի հանրային սննդի օբյեկտներում ևս արձանագրել են խախտումներ, որոնք հիմնականում կապված են եղել ախտահանման գրանցամատյանների ոչ ճիշտ լրացման հետ, իսկ մի կետում չի կատարվել պատշաճ ախտահանում:
Տնտեսվարողները խոստացել են արագ շտկել բոլոր թերացումները:
Հայտնաբերված խախտումների մասին արձանագրությունները կներկայացվեն պարետատուն:
Խստացված մշտադիտարկումներ են եղել նաև հանրապետության ամբողջ տարածքում:
Սննդամթերքի անվտանգությունը վերահսկող մարմնի ներկայացուցիչները հորդորում են տնտեսվարողներին՝ խստագույնս պահպանել կորոնավիրուսով չվարակվելու համար սահմանված անվտանգության նորմերը և հետամուտ լինում դրանց կատարմանը: