Սերժանտ ու շարքային գործի են անցել՝ տարածքն ախտահանում, միջոցառմանն են նախապատրաստվում: Պաշտպանության բանակի զորամասերում ուրախությամբ են դիմավորում նորեկներին: Առաջին տպավորությունը կարևոր է,- վստահեցնում է զորամասի բարոյահեգաբանական աշխատանքների գծով պատասխանատուն.
Մխիթար Հովհաննիսյան, ՊԲ N զորամասի ԲՀԱ գծով տեղակալ - «Նորակոչիկների հետ իրականացվել են համապատասխան հարմարվողական, ծանոթական և բարոյահեգեբանական ապահովման աշխատանքներ՝ նպատակ ունենալով զինվորական ծառայության պայմաններին սոցիալ հեգեբանական արագ ինտեգրմանը»:
Ոչ թե կողք կողքի, այլ իրարից մեկ մետր հեռավորությամբ են նորակոչիկները շարք կանգնել, հավսար հրամանը լսել, դեռ չեն կենտրոնացել: Մի քանի օր ու պատկերը կփոխվի, առաջին քայլերը կսովորեն ու ծառայությանը կտրամադրվեն: Որ վարակը բանակ չմտնի, նորակոչիկները ծառայության առաջին օրերը կարանտինում կանցկացնեն: Մեկուսացումը 14 օր է:
Պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանն անձամբ է այցելում զորամասեր, զրուցում նորակոչիկների հետ ու հորդորում՝ դժվարությունները հաղթահարել ու պատվով ստանձնել հայրենիքի պաշտպանի առաքելությունը: Նույնն է ասում նաև հոգևոր սպասավորը, զինվորի աղոթքն անում, բարի ծառայություն է մաղթում.
Նորակոչիկներն էլ քիչ-քիչ, բայց բանակային կարգուկանոնով կսովորեն շարային քայլել, հրամանատարներին կոչումով դիմել, հարմարվել ծառայողական դժվարություններին, որոնք զինվորին կկոփեն, մարտական պատրաստվածությունը կբարձրացնեն:
14-օրյա մեկուսացմանը զուգահեռ՝ նորակոչիկները երիտասարդ զինվորի դասընթացը կյուրացնեն և ուսումնական փուլը սկսվելուն պես կսովորեն՝ մարտի պատրաստվել, կրակ վարել ու հակառակորդին ջախջախիչ հարված հասցնել: