Վրաստանի առողջապահության նախարարությունը հրապարակել է կորոնավիրուսով պայմանավորված նոր կարգը, որով պետք է առաջնորդվեն ծովափում հանգստացողներն ու տեղի տնտեսվարողները:
Որոշ պահանջներ են նշված նաև առհասարակ բոլոր հանգստացողների համար. հիմնականում` հաճախ լվացվել ու ախտահանել ձեռքերը, փռշտալիս փակել բերանն ու քիթը, սոցիալական հեռավորություն պահել, գրում է aliq.ge-ն։
Տնտեսվարողները պետք է պահպանեն հետևյալ կանոնները՝
-
COVID-19-ի կանխարգելման հետ կապված տեղեկատվությունը պետք է փակցված լինի տեսանելի վայրում.
-
ցանկալի է ափի երկայնքով հետիոտների համար հատուկ ճեմուղի գծել, նաև լողափերը գոտիների բաժանել.
-
ափի երկայնքը հաճախ մաքրել աղբից` օգտագործելով միանգամյա օգտագործման փաթեթներ, թափոնները աղբանոց նետել փակ վիճակում: Աղբահանություն իրականացնողները պետք է լինեն պաշտպանիչ դիմակներով կամ վահաններով ու ձեռնոցներով.
-
ափի բոլոր այցելուները պետք է անվտանգ հեռավորություն պահեն` բացառությամբ մինչև 12 տարեկանների.
-
սկուտերներից, նավակներից, հեծանիվներից, շեզլոնգներից ու հովանոցներից օգտվելուց հետո դրանց ախտահանումը պարտադիր է.
-
զուգարաններում և լոգարաններում ախտահանում պետք է արվի 2 ժամը մեկ.
-
ախտահանումը պետք է իրականացնել Վրաստանի Հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության ազգային կենտրոնի կողմից հաստատված նյութերով.
-
ախտահանող միջոցները պետք է պահվեն հատուկ փակ պահարաններում.
-
ախտահանողները պետք է լինեն դիմակով, ունենան հաստ ձեռնոցներ և խալաթներ, ինչպես նաև ակնոց և վահան: