Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը և տեղակալ Լենա Նանուշյանը հանդիպել են Իտալիայից Հայաստան ժամանած՝ քաղաքացիական պաշտպանության ծառայության 11 բուժաշխատողից կազմված մարդասիրական առաքելության բժիշկների խմբի ղեկավար Մարիո Ռավիոլոյին, Հարավային Կովկասի առողջապահության ոլորոտում արտակարգ իրավիճակների պատրաստվածության ծրագրի համակարգող Վասիլի Էսենամանովին և ԱՀԿ հայաստանյան գրասենյակի արտակարգ իրավիճակների պատրաստվածության ծրագրի պատասխանաատու Նունե Դոլյանին:
Մարիո Ռավիոլոն ներկայացրել է Իտալիայում իրականացվող հակահամաճարակային միջոցառումները, նաև անդրադարձել արդեն մեկ շաբաթ Հայաստանի հիվանդանոցներում կորոնավիրուսային հիվանդության դեմ ծավալած իրենց խմբի աշխատանքին, առկա խնդիրներին: Նա համեմատականներ է անցկացրել Իտալիայի ու Հայաստանի միջև` ընդգծելով, որ Հայաստանում նկատել է դիմակներ կրելու բարձր ցուցանիշ:
Կողմերը քննարկել են Հայաստանում նոր կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում իրականացվող միջոցառումները, առողջապահական համակարգի գործունեությունը:
Մարիո Ռավիոլոն պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտության դեպքում աջակցելու` Իտալիայի կողմից Հայաստան կրկին պատվիրակություն ուղարկելու հարցում:
Անահիտ Ավանեսյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին իրենց տպավորություններով կիսվելու, աջակցելու և մեկնաբանություններ ու առաջարկություններ անելու համար:
«Մենք բոլորս աշխատում և սովորում ենք նույն ժամանակահատվածում»,- նշել է նախարարի առաջին տեղակալը և հույս հայտնել, որ այս ամենը կնպաստի հետագայում նման մարտահրավերիներին էլ ավելի համակարգված դիմակայելու:
Մարիո Ռավիոլոն հայտնել է, որ իրենց կողմից անցկացվում են ուսուցողական դասընթացներ` կորոնավիրուսային հիվանդության բուժման, հակաբիոտիկների օգտագործման և այլ հարցերի շուրջ: Ծրագրերն անցկացվելու են 2 փուլով` տեսական և գործնական:
Շնորհակալություն հայտնելով խորհուրդների ու առաջարկների համար` կողմերը պայմանավորվել են առաջիկա շաբաթվա ընթացքում կատարած աշխատաքներն ու հետագա անելիքները քննարկելու համար կրկին հանդիպել: