Պարետատան նիստից հետո անցկացվող ճեպազրույցի ընթացքում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրեց, որ շաբաթ և կիրակի արձանագրվել է ընդհանուր մոտ 1000 նոր դեպք: Նա հայտնեց, որ կիրակիի թվերն ավելի ցածր են, քան շաբաթինը, և դրանք պայմանավորված են կատարված թեստավորումների ցածր թվով:
«Սակայն տոկոսային առումով մենք ունենք մոտ նույն պատկերը: Այսինքն՝ կատարված թեստերի մոտ 30 տոկոսն արձանագրվում է որպես նոր դրական դեպք: Լավ է այն իմաստով, որ աճ չկա, սակայն վատ է, որ այդ թվերը մնում են բացարձակ առումով մեծ: Մեր խնդիրը մնում է նույնը՝ շարունակել իրականացնել գործողություններ, որպեսզի բացարձակ թվերով ունենանք անկում»,- ասաց նախարարը:
Թորոսյանը հայտնեց, որ երեկվա դրությամբ ընդհանուր մահճակալային ֆոնդն արդեն հասել է 2600-ի, որոնց մեծ մասը հագեցած է թթվածնային կենտրոնական մատակարարումով:
Մահճակալային ֆոնդի հագեցվածությունը մնում է բարձր՝ հատկապես վերակենդանացման բաժանմունքներում: Նախարարի խոսքով, եթե նույնիսկ հիմա մի ազատ մահճակալ կա, դրա պատճառն այն է, որ հիվանդները շատ արագ դուրս են գրվում և շատ արագ կարող են զբաղեցվել:
«Ծանր ու ծայրահեղ ծանր պացիենտների թվերը գումարային առումով կազմում են մոտ 650 հոգի, որոնցից 47-ը գտնվում է թոքերի արհեստական շնչառության սարքերի տակ»,- հայտնեց նախարարը՝ հավելելով, որ փաստացի՝ ժամը 3-ի դրությամբ չունենք որևէ քաղաքացի, որն ունի հրատապ հոսպիտալացման կարիք, բայց չի հոսպիտալացվել:
Նախարարն ընդգծեց, որ դիմակների պատշաճ կրումն ապացուցել է, որ էֆեկտիվ է, հակառակ դեպքում ավելի շատ վարակման դեպքեր կարող էին արձանագրվել:
Թորոսյանը դիմեց քաղաքացիներին, որպեսզի շարունակեն հետևել հակահամաճարակային կանոններին՝ դիմակի կրում, սոցիալական հեռավորություն և ձեռքերի ախտահանում: