Հուլիսի 1-ին հանրապետությունում մեկնարկել է 2020 թվականի ամառային զորակոչը։ Այդ օրվանից հանրապետության բոլոր զինկոմիսարիատների հարակից տարածքներում ոստիկանությունը սկսել է արտակարգ ծառայություն իրականացնել։
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները հորդորում են զորակոչիկների հարազատներին՝ պահել սոցիալական հեռավորություն և լինել դիմակներով։
Բացի նշվածից՝ ոստիկանությունը արտակարգ ծառայություն է իրականացնում պաշտպանության նախարարության հանրապետական հավաքակայանի շրջակայքում։ Ոստիկանները կրկին հորդորում են պահել սոցիալական հեռավորություն և ստուգում են դիմակների առկայությունը։ Կարգը խախտածների նկատմամբ իրականացվում է վարչական վարույթ։
«Ըմբռնումով մոտենալով՝ կոչ ենք անում զորակոչիկների հարազատներին, որպեսզի հնարավորինս քիչ մարդիկ այցելեն զինկոմիտսարիատներ, իսկ հանրապետական հավաքակայան ընդհանրապես չայցելել, քանի որ զինակոչիկների հարազատները հանրապետական հավաքակայանում որևէ գործողության չեն մասնակցում։ Զորակոչիկների վիճակահանությանը հարազատները կարող են հետևել միայն տարածքային զինկոմիսարիատներում։
Բարի ծառայություն մաղթելով բոլոր զինվորներին՝ նշենք, որ ոստիկանության ծառայության միակ նպատակը զինվորների ու քաղաքացիների առողջության անվտանգության պահպանումն է»,- նշված է հաղորդագրության մեջ։