Երևանում կստեղծվի առաջին սքեյթ-պարկը: Ուկրաինայի հայերի միության դրամաշնորհային ծրագրով, Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ կիրականացվի սքեյթ-պարկի անվանակոչման և բրենդինգի ստեղծման մրցույթ: Այս մասին տեղեկացնում են Ուկրաինայում հայերի միության գրասենյակից:
Սքեյթ-պարկի ստեղծումը Ուկրաինայի հայերի միության սոցիալական նախագիծն է, որի նպատակն է երիտասարդների համար հանգստի և ժամանցի ակտիվ միջավայր ստեղծել։ 5044 քմ մակերեսով այգին կդառնա Երևանի սոցիալ-մշակութային կյանքի ակտիվ մասնիկը։ Սքեյթ-պարկի շինարարությունն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի տեխնիկական և ադմինիստրատիվ աջակցությամբ:
Սքեյթ-պարկը նոր հարթակ կլինի սքեյթբորդինգի, գլաչմուշկներով սահողների և հեծանվասպորտի սիրահարների համար, որը կդառնա ակտիվ հանգստի, ժամանցի, սպորտի և ինքնազարգացման անկյուն մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի համար:
Անցկացվող մրցույթի նպատակն է ստեղծել գրաֆիկական դիզայն` Երևանի առաջին սքեյթ-պարկի տարբերանշանի և բրենդբուքի տեսքով` արտացոլելով ծրագրի սոցիալ-մշակութային նշանակությունը` բացահայտելով նոր միջավայրի ընձեռած հնարավորությունները մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի համար։ Մրցույթի համար կարևոր են երեք չափորոշիչներ՝ Երևանի 1-ին սքեյթ-պարկի անվանակոչումը, Երևանի 1-ին սքեյթ-պարկի տարբերանշանի ստեղծումը և բրենդինգը:
Մրցույթին մասնակցելու և չափանիշներին ծանոթանալու համար կարող եք այցելել՝ այստեղ:
Տեղեկացնենք նաև, որ 2019 թվականի դեկտեմբերի 21-ին Կիևում՝ Ուկրաինայի հայերի միության տարեկան ամփոփիչ խորհրդաժողովում, տեղի ունեցավ Երևանի ապագա սքեյթ-պարկի շնորհանդեսը: Երևանի առաջին սքեյթ-պարկի նախագծի հեղինակ, ճարտարապետ Արմեն Շատվորյանի հիմնական նպատակն է ստեղծել նորագույն հարթակ էքստրեմալ սպորտի, ակտիվ հանգստի և ժամանցի համար։
2020 թվականի սկզբին Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ստորագրեցին սքեյթ-պարկի կառուցման համաձայնագիր, որից անմիջապես հետո մեկնարկեցին այգու շինարակական աշխատանքները։ Այգին կկառուցվի Օղակաձև այգու վեցերորդ հատվածի՝ Երվանդ Քոչարի փողոց հ. 6 և հ 6/1 հասցեներում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարի հարևանությամբ, 5044 քառակուսի մետր հանրային տարածքում։ Շինարարությունը կիրագործվի երկու փուլով: