Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Էջմիածնի Հոկտեմբերի փողոցի 23-ամյա մի բնակիչ ընկերոջ տատի տնից գողություն է արել, հաղորդում են ոստիկանության լրատվական ծառայությունից։
Ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելուց և բացատրական աշխատանքից հետո կասկածվողը հուլիսի 3-ին ներկայացավ ոստիկանության Վաղարշապատի բաժին:
Պարզվել է` նա հունվար ամսին այցելել է Էջմիածնի Վռամ Կոստանյան փողոցում բնակվող ընկերոջ տատի տուն և ննջասենյակում դրված մետաղյա կաթսայից գողացել 200.000 դրամ: Տանտերերը ոստիկանություն չէին դիմել, հանցամիտն էլ փողերի տեղն իմանալով՝ ձմռանը պարբերաբար տարեց կնոջը հյուր էր գնացել և նույն կաթսայից, նշվածից բացի, գողացել էր մոտ 1 միլիոն դրամ:
Վերջին անգամ այդ բնակարանում հունիսի 22-ին էր եղել և հյուրասենյակի պահարանից հափշտակել էր 30.000 դրամ:
Տուժողից ընդունվել է հաղորդում: Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: