Արդյոք արտակարգ դրության ժամկետը չորրորդ անգամ կերկարաձգվի. հարց Հայաստանի վարչապետին: Փաշինյանի խոսքով՝ այդ ուղղությամբ կառավարությունում պարբերաբար քննարկումներ լինում են: Արտակարգ դրության ռեժիմում, այնուամենայնիվ, կապրենք նաև հուլիսի 14-ից հետո ևս մեկ ամիս:
Այն պահին, երբ պարետատունը տեսավ, որ առողջապահական համակարգը չի կարողանում սպասարկել քաղաքացիներին, պետությունը կվերադառնա ավելի խիստ սահմանափակումների ռեժիմին:
Նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի հետ կապված Հայաստանում իրավիճակը ծանր է: Վարչապետի խոսքով՝ վերջին երկու օրը վարակման մոտ 1000 դեպք է արձանագրվել: Իրավիճակը, սակայն, ոչ միայն Հայաստանում է վատթար, այլև աշխարհի բազմաթիվ զարգացած երկրներում: Վարակի դեմ պայքարի պետության ռազմավարությունը շարունակում է մնալ նույնը:
Ոստիկանությունը շարունակում է արձանագրություններ կազմել, կառավարության նպատակն էլ նույնն է, ոչ թե քաղաքացիներին տուգանել, այլ այս մեթոդով ևս կոչ անել, որ պահպանեն կանոնները:
Ինչո՞ւ են կիրակի օրվա կորոնավիրուսով վարակվելու թվերը ցածր եղել. առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսքով՝ պայմանավորված է կատարված թեստերի ավելի փոքր քանակից: Վիճակագրությունը ցույց է տալիս՝ կատարված թեստերի 30 տոկոսը դրական է լինում. սա ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմ:
Համեմատաբար բարվոք է իրավիճակը տանն սպասող քաղաքացիների դեպքում՝ հոսպիտալացման կարիք ունեցողներ չկան: Թորոսյանի խոսքով՝ անգամ այս ծանր, սակայն համեմատաբար կայուն իրավիճակը հակահամաճարակային միջոցների արդյունք է:
Վերջին մեկ ու կես ամսվա վիճակագրությունը ցույց է տվել, որ կորոնավիրուսի տարածման հիմնական օջախները բակերն ու շենքերն են: Դրան նպաստում է նաև տաք ամառային եղանակը: Քանի դեռ կորոնավիրուսի վարակման թվերը չեն նվազել, նշանակում է` մեզնից յուրաքանչյուրն ինչ-որ տեղ թերանում է: Նշում է վարչապետը: Պատճառներն էական չեն. միակ լուծումն էլ՝ բոլորի անհատական ջանքի համատեղումն է՝ արտահայտված 3 պարզ կանոնով՝ կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորություն և պարբերաբար ախտահանել ձեռքերը: