Հուլիսի 5-ին՝ ժամը 20:29-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արենի, Չիվա և Ռինդ գյուղերի միջնամասում այրվում է խոտածածկ տարածք։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության երեք օպերատիվ խումբ։
Ուժեղ քամին կարող էր նպաստել հրդեհի տարածմանը դեպի գյուղի այգիներ։ Ժամը 21:17-ին հայտարարվել է հավաք. հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են ընդհանուր թվով 29 փրկարար ծառայող և տեղի 40 բնակիչ, որոնց համատեղ ջանքերի շնորհիվ կանխվել է հրդեհի տարածումը դեպի այգիներ:
Ժամը 23:43-ի դրությամբ հրդեհը մեկուսացվել է։ Մթության պատճառով աշխատանքները դադարեցվել են. տեղում իրականացվել է հերթապահություն։ Հուլիսի 6-ին՝ ժամը 05։30-ին, հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են, ժամը 05։52-ին հրշեջ-փրկարարները մարել են հրդեհը։ Այրվել են մոտ 70 հա խոտածածկույթ և մեկ էլեկտրական սյուն։