Հուլիսի 6-10-ը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Ինժեներական ասոցիացիայի նախաձեռնությամբ առցանց ձևաչափով կանցկացվի «Հայաստան-Ինժեներական շաբաթ-2020» խորագրով արդեն ավանդական դարձած՝ 3-րդ ամենամյա միջոցառումը:
«Հայաստան-Ինժեներական շաբաթ» խորագիրը կրող միջոցառման նպատակն է ցուցադրել Հայաստանի ինժեներական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի վերջին նվաճումները: Կներկայացվեն նախագծեր և լուծումներ այնպիսի ուղղություններում, ինչպիսիք են ինքնակառավարվող տրանսպորտային միջոցները, կիսահաղորդիչների նախագծումն ու թեստավորումը, անլար հաղորդակցությունը, ռադիոհաճախականությունը, արդյունաբերական IOT-ն, սպառողական էլեկտրոնիկան, կրթական տեխնոլոգիաները, մշակող արդյունաբերությունը և այլն:
Առցանց ձևաչափով կներկայացվեն նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) վերջին նախագծերը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտահետազոտական ծրագրերը, ինչպես նաև Հայաստանի տարբեր մարզերում իրականացվող բարձրտեխնոլոգիական նախաձեռնությունները: