ՀՀ-ում նոր տեսակի կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը շարունակում է մնալ ծանր՝ այսօր պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը հիշեցրեց՝ շաբաթ-կիրակի շուրջ 1000 նոր դեպք է գրանցվել, իսկ առողջապահական համակարգը շարունակում է աշխատել ծանրաբեռնված ռեժիմով:
«Բազմաթիվ երկրներում, որտեղ կարծես թե համավարակի իրավիճակը վերցվում է հսկողության տակ, լուրեր կան, թե կորոնավիրուսի նոր ալիք է սկսվում, որն ընդհանուր առմամբ խտացնում է պատկերացումը, որ ունենք իրավիճակի նկատմամբ: Մեր ռազմավարությունը շարունակում է մնալ նույնը:
Մենք տեսնում ենք, որ այս իրավիճակը հնարավոր է հաղթահարել քաղաքացիների անհատական վարքի փոփոխության և համագործակցության արդյուքնում: Միայն վարչական մեթոդները որևէ արդյունք չեն կարող տալ, եթե Հայաստանում իսկապես վարքագծի զանգվածային փոփոխություններ տեղի չեն ունենում»,- նշեց վարչապետը՝ հավելելով՝ շաբաթ մայրաքաղաքւոմ փոքր-ինչ շրջելով ու դիմակ բաժանելով՝ հասկացել է՝ քաղաքացիները չեն հավատում իրենց անհատական վարքագծի ազդեցությանն իրավիճակի վրա:
Փաշինյանը հորդորեց քաղաքացիներին պահպանել հակահամաճարակային կանոնները՝ կրել դիմակ, պահապանել սոցիալական հեռավորություն, ախտահանել և հաճախակի լվանալ ձեռքերը:
Վարչապետը շնորհակալություն հայտնեց Կարմիր խաչի ընկերությանը՝ մայրաքաղաքում բացած 30 կետերի համար, որոնք իրազեկում են իրականացնում և դիմակներ են բաժանում քաղաքացիներին՝ հույս հայտնելով, որ նոր խմբեր կմիանան նախաձեռնությանը: Ոստիկանությունը շարունակում է վարչական միջոցներ կիրառել: Արդեն մի քանի օր է՝ ավելի քան 3000 արձանագրություններ են կազմվում դիմակ չկրելու համար:
«Բայց էլի կրկնում եմ, որ մեր նպատակը որևէ մեկին տուգանելը չէ, ընդհակառակը՝ տուգանքներով և տուգանքների մասին տեղեկատվության բարձրաձայնմամբ ուզում ենք քաջալերել քաղաքացիներին, որ կրեն դիմակ, մանավանդ որ դրա էֆեկտիվությունն արդեն միջազգայնորեն ապացուցված փաստ է: Մենք այսօր վստահ կարող ենք ասել, որ դիմակների որակյալ կրումով, սոցիալական հեռավորությամբ և ձեռքերի պարբերական ախտահանումով կարող ենք այս իրավիճակը հաղթահարել:
Բայց այս ողջ պատմության մեջ ունենք ռազմավարական կարմիր գիծ: Այն պահին, երբ տեսնենք, որ մեր առողջապահական համակարգը այլևս չի կարողանում այսպիսի ծայրահեղ լարվածության պայմաններում սպասարկել քաղաքացիներին, այլ ելք չենք ունենա, քան վերադառնալ սահմանափակումների ռեժիմին և ընդհակառակը՝ ավելի խիստ սահամանափակումներ կիրառել՝ վիճակը հաղթահաելու համար՝ իմանալով, որ սա մեծ հարված է լինելու տնտեսությանը: Իմ հույսն այն է, որ մենք այնուամենայնիվ կգիտակցենք իրավիճակի լրջությունն ու մեր անհատական վարքագծի փոփոխությունը կլինի այն գործիքը, որով մենք կհաղթահարենք այս համաճարակը»,- նշեց վարչապետը: