Այս տարի Լոռու մարզպետարանը կառավարություն է ներկայացրել 98 ծրագիր, որից հաստատվել է 97-ը, վերջին մեկ ծրագիրը կհաստատվի առաջիկայում: Հաստատված ծրագրերի մի մասը շինարարական մրցույթների փուլում է, մյուս մասն արդեն մեկնարկել է:
ՀՀ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի խոսքով` ընդհանուր 7 մլրդ 700 մլն դրամի ծրագրեր են դրանք, 40 համայնքում պետք է իրականացվեն: Համեմատության համար նա նշել է, որ նախորդ տարի իրականացրել են 1.8 մլրդ դրամի ծախսեր:
Համայնքապետարանի համաֆինասավորմամբ մոտ 1 մլրդ դրամի շինարարություն է իրականացվելու Վանաձորում: Արդեն սկսվել է քաղաքային կենտրոնական գրադարանի շենքի կապիտալ նորոգումը:
Շինաշխատանքների ղեկավար Գագիկ Գրիգորյանը նշել է, որ տարիներ շարունակ փայտե հատակները շարքից դուրս էին եկել, պատուհանները դեֆորմացվել էին: Նախահաշիվ-նախագծով նախատեսվում է փոխել բոլոր պատուհանները, փայտե հատակները փոխել պրեսգրանիտով և ընդհանուր նորոգու անել:
Գրքերը տեղափոխվել են ապահով վայր: Շինարարության համար նախատեսված է վեցամսյա ժամկետ, սակայն շինարարն ասում է, որ ավելի շուտ են ավարտելու:
Վանաձորի համայքնապետարանը փորձում է ճիշտ օգտագործել համավարակի ընթացքում մշակութային հաստատությունների ժամանակավոր պարապուրդը:
Վանաձորի մշակույթի, կրթության և զբոսաշրջության հարցերի բաժնի պետ Գոռ Բադյանի խոսքով` մոտավորապես 60 մլն դրամի մասին է երկու ծրագրի ծախսը միասին, որ սկսվում է: Հաջորդը գուցե լինի նոր գույք ձեռք բերելը, մասնավորապես, գրադարանի համար և գրականությունը թվայնացնելը, որը մոտավորապես 150 000 կտոր գիրք է:
Եռուզեռ է նաև Վանաձորի 2-րդ մշակույթի տան շենքում: Նորոգվում են և՛ դահլիճը, և՛ փորձասենյակները: Ամեն տարի շինարարական այս կազմակերպությունը որոշակի խնդիրներ է ունեցել մասնագետների ներգրավման հարցում: Կորոնավիրուսի պատճառով շինարարներն այս տարի Ռուսաստան չեն մեկնել, վարպետի խնդիր չունեն:
Աշոտ Ազարյան, շինարարության աշխղեկ - Նոր ենք սկսել, առաջին մեր գործն է: էս տարի վարպետների պրոբլեմ չունենք, դեռ էլի կան ցանկացողներ, եթե աշխատանք լինի:
Վանաձորում արդեն գույքագրում են մշակութի ոլորտում առկա հաջորդ հրատապ խնդիրները: Մասնավորապես, նորոգման խիստ կարիք ունի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի հուշարձան-շենքը:
Առաջիկա մեկ ամսում շինարարական բոլոր մրցույթները կավարտվեն, և մարզի 40 համայնքում կմեկնարկեն բոլոր ծրագրերը:
Զուգահեռ՝ Վանաձորում շարունակվում է նաև նախորդ տարի մեկնարկած ծրագրերի երկրորդ փուլը, բարեկարգվում են պատկերասրահի և Արցախի հրապարակի պուրակները: