Տեսչական մարմինների ստուգայցերի կենտրոնում այսօր Գեղարքունիքն է եղել: ՍԱՏՄ տեսուչները Մարտունու սննդի շղթայում որևէ խախտում չեն հայտնաբերել, փոխարենը որոշակի թերացումներ են եղել Վարդենիսի տնտեսվարողների մոտ:
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մշտադիտարկման ընթացքում մի քանի խախտում է արձանագրել Վարդենիս և Մարտունի քաղաքի գազալցակայաններում ու շինանյութի խանութներում: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն էլ շրջայց է կատարել Վարդենիկի քաղաքային լողափի տարածքում, որտեղ, սակայն, հանգստացողներ չեն եղել։
Տարածքում, սովորաբար, տեղացիներն են լողում. միայն թե ջրի ջերմությունը դեռ 15 աստիճանի էլ չի հասել: Մարտունու բնակիչ Ջիվան Ավետիսյանի խոսքով` ջուրը դեռ սառն է, հանգստացողներ կգան հուլիսի 15-20-ից հետո:
ՀՀ Ոստիկանության Մարտունու բաժնի ավագ տեսուչ, ավագ լեյտենանտ Արման Ավետիսյանը նշում է` պետք է պահպանել սոցիալական հեռավորություն, եթե մոտիկ են՝ պարտադիր կրեն շնչադիմակներ:
Սևան թերակղզու հատվածում հովեկները գուցե շատ են, բայց Մարտունու ուղղությամբ եկած զբոսաշրջիկներ բնապահպան-տեսուչները չեն գտել նաև Սուրբ Աստվածամայր եկեղեցու բակում: Ստուգայցի գրաֆիկը խիտ էր առողջապահական ու աշխատանքի տեսուչների մոտ: Առաջին իսկ խանութում՝ ալկոգել, ջերմաչափ, գրանցումներ... ամեն ինչ տեղում էր: Միակ խորհուրդը, որ տնտեսվարողին տվել են, դիմակը բժշկականի փոխելն է:
Գեղարքունիքի մյուս տնտեսվարողների մոտ տեսուչները մի շարք թերություններ են արձանագրել. վարսավիրանոցում, օրինակ, պահուստային դիմակ չեն ունեցել, խանութներից մեկում աշխատողների ձեռքերը պարբերաբար լվանալու տեղը հեռու է եղել, հոսող ջուրը կար, լվացարան՝ ոչ: Վարդենիսի սուպերմարկետներից մեկում էլ նույնիսկ օղու թնդությունը որոշող սարք ունեին, որով բժշկական սպիրտը վերածում են շփման մակերեսների, պարզվում է, իդեալական ախտահանիչի:
Մարզում և բիզնեսը, և բնակչությունն ստուգումների առաջին օրերի համեմատ ավելի կարգապահ են դարձել՝ վստահեցնրել են տեսուչները: Ինչպես Վարդենիսի, այնպես էլ Մարտունու կենտրոնական փողոցներում գոնե մեծամասնությունը դիմակով է:
Խանութ թե դեղատուն՝ ամեն տեղ տեսուչները ստուգայցի արդյունքների վերաբերյալ արձանագրություն են կազմել, որ ներկայացնեն պարետատուն: Այսպես շաբաթը 7 օր, առանց կիրակիի: Կոտայքում այսօր առողջապահական տեսուչների ստուգման հիման վրա կասեցվել է 40 տնտեսվարողի գործություն: