ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը շնորհավորել է ՀՀ քաղաքացիներին Սահմանադրության օրվա առթիվ։
«Այն, որ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, դա հիմնավոր ապացուցեցինք 2018 թվականի մայիսին հայ ժողովրդի մասնակցությամբ տեղի ունեցած թավշյա հեղափոխությամբ:
Այն, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, ապացուցեցինք 2018 թվականի դեկտեմբերին անցկացված խորհրդարանական արտահերթ ընտրության միջոցով:
Այն, որ Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է՝ ևս անքննելի է, և հենց այդ բարձրագույն արժեքի կյանքի որակի բարելավմանն են ուղղված մեր կառավարության ամենօրյա աշխատանքն ու բարեփոխումների հավակնոտ ծրագրերը, որոնք հնարավորինս արագ փորձում ենք կյանքի կոչել՝ օր առաջ երկրում արդարադատության նկատմամբ հավատն ու հույսը վերականգնելու, Հայաստանում օրենքի գերակայությունն ամրապնդելու և երջանիկ քաղաքացի ունենալու նպատակին հասնելու համար:
Արհեստական խոչընդոտների պակաս այդ ճանապարհին չկա, բայց դա էլ ենք հաղթահարում միասնական լինելու ու մեր երազած երկրում ապրելու ցանկությունն իրականություն դարձնելու շնորհիվ:
Սիրելի՛ հայրենակիցներ
Շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա կապակցությամբ: Մաղթում եմ խաղաղություն ու բարեկեցություն ձեր ընտանիքներին»,- նշել է նախարարը։