Այսօր միասնական քննությունների երկրորդ օրն է: Դիմորդները քննություն են հանձնել «Աշխարհագրություն», «Հայոց պատմություն» և «Քիմիա» առարկաներից: Քննությունների համար նախատեսված է եղել 3 ժամ: Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի պատասխանատու Խաչանուշ Գրիգորյանը 1lurer.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ այս տարի միասնական քննությամբ բուհ ընդունվելու համար դիմել է 12456 դիմորդ: Նա հայտնեց, որ ևս 2500 դիմորդ կդիմի բուհեր՝ ներքին քննություններով: Դրանք հիմնականում արվեստի և սպորտի մասնագիտություններն են, օրինակ՝ Կոնսերվատորիա կամ Գեղարվեստի ակադեմիա դիմելու համար:
Իսկ ո՞ր մասնագիտություններն են առավել նախընտրել դիմորդները: Հարցին ի պատասխան՝ Գրիգորյանը հայտնեց, որ վերջին տարիներին դիմորդների նախընտրած մասնագիտությունները գրեթե նույնն են: Առաջին հորիզոնականներում, ըստ դիմումատուների, շարունակում են մնալ տեղեկատվական տեխնոլոգիաներն ու իրավագիտությունը:
ԳԹԿ-ի ներկայացուցիչը նաև հայտնեց, որ հուլիսի 2-ին դիմորդները քննություն են հանձնել վեց օտար լեզվից՝ 3-ը հայտագրել են իտալերեն, 5-ը՝ իսպաներեն, 54-ը՝ ֆրանսերեն, 57-ը՝ գերմաներեն, 1812-ը՝ անգլերեն, 171-ը՝ ռուսերեն: Այս տարի պարսկերեն հայտագրած դիմորդ չի եղել:
Յուրաքանչյուր քննության արդյունքները հայտնի են դառնում այն հանձնելու երրորդ օրը: Հուլիսի 2-ին միասնական քննություն հանձնած դիմորդները գնահատականները կիմանան հուլիսի 5-ին և դրանից հետո 24 ժամվա ընթացքում կարող են բողոքարկել, եթե դժգոհություններ լինեն: Գրիգորյանը հիշեցրեց, որ ցանկացած քննությունից հետո դիմորդը պատասխանի իր ձևաթղթի պատճենով կարող է 1.5-2 ժամ հետո տեսնել ճիշտ պատասխանները և հաշվարկել իր միավորները: Նա նաև տեղեկացրեց, որ ճիշտ պատասխանները տեղադրվում են Գնահատման և թեստավորման կենտրոնի կայքէջում, սակայն քանի որ այս օրերին կայքն աշխատում է գերծանրաբեռնված, հաճախ դրանք տեղադրում են նաև ԳԹԿ Ֆեյսբուքի էջում:
«Բոլոր չորս քննական օրերի ու 13 առարկաներ հանձնելու համար հանրապետությունում ձևավորվել են 47 քննական կենտրոններ: Այն մոտ 30 տոկոսով ավելի է նախորդ տարվանից, որովհետև, համավարակով պայմանավորված, անվտանգության միջոցառումների անհրաժեշտություն եղավ, և պետք էր, որ դիմորդները իրարից հեռու նստեն, ու ապահովվի ֆիզիկական տարածությունը: Հուլիսի 2-ին 47 քննական կենտրոններից գործել են 24-ը, այսօր՝ 23-ը: Գործող քննական կենտրոնների թիվը պայմանավորված է այդ առարկան հանձնողների թվով: Օրինակ՝ այդ 47 քննական կենտրոնները կգործեն միայն երկուշաբթի օրը՝ հուլիս 6-ին՝ «Մաթեմատիկայի» քննությանը»,- տեղեկացրեց Խաչանուշ Գրիգորյանը: Նա նաև հավելեց, որ ամենաշատը՝ 5412 դիմորդ, հայտագրել են հենց այդ առարկան:
Գրիգորյանի խոսքով՝ նախորդ տարիներին ավելի շատ են եղել «Հայոց լեզու» հայտագրած դիմորդները, իսկ այս տարի նման պատկերն անսովոր է: Խոսնակն ընդգծեց, որ բուհերից շատերը որպես միակ քննական առարկա մասնագիտությունների համար ընտրել են մաթեմատիկան, և այդ պատճառով էլ ավելացել են «Մաթեմատիկա» հանձնողները: