Կորոնավիրուսի (Covid 19) դեմ պայքարի շրջանակներում իրականացնելով պարետի որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունը սննդի շղթայում գործունեություն ծավալող բոլոր կազմակերպություններում՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր Երևանում 72 ժամով կասեցրել է 3 հանրային սննդի օբյեկտների աշխատանքը. այստեղ խախտել են պարետի՝ նարգիլե օգտագործելու արգելքը: Եվս երկու տասնյակ կազմակերպությունների գործունեությունը կասեցվել է 24 ժամով:
Գեղարքունիքի մարզի Մարտունի և Վարդենիս քաղաքների մանրածախ ու մեծածախ իրացման ցանցերում, արտադրություններում ու հանրային սննդի օբյեկտներում ՍԱՏՄ տեսուչների ուժեղացված ստուգայցերի արդյունքում արձանագրվել է հետևյալ պատկերը. Մարտունու սննդի շղթայի օպերատորների մոտ որևէ խախտում չի հայտնաբերվել, իսկ Վարդենիսի տնտեսավարողների մոտ հայտնաբերվել են որոշակի թերացումներ՝ աշխատակիցները ոչ պատշաճ են կրել դիմակները, թերի են վարել ջերմաչափման և ախտահանման գրանցամատյանները, անձանց միջև չի պահպանվել սոցիալական հեռավորությունը:
Մշտադիտարկումները շարունակվել են հանրապետության ողջ տարածքում: Սննդամթերքի անվտանգությունը վերահսկող մարմնի ներկայացուցիչները հորդորում են տնտեսավարողներին խստագույնս պահպանել կորոնավիրուսով չվարակվելու համար սահմանված անվտանգության նորմերը, տրամադրում խորհրդատվություն, տալիս ցուցումներ, հետամուտ լինում դրանց կատարմանը: