ԱՀ պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի նախագահությամբ տեղի է ունեցել հունիսի 22-26-ն անցկացված մարտավարական զորավարժությունների արդյունքների ամփոփումը:
Ըստ փուլերի անդրադառնալով զորավարժությունների արդյունքներին՝ բանակի հրամանատարը մանրակրկիտ վերլուծության է ենթարկել 2020 թվականի բանակային ուսումնական տարվա կարևորագույն միջոցառումներից մեկի ընթացքը, մասնավորապես, մարտական պատրաստականության, սպառազինության ու ռազմական տեխնիկայի շահագործման, զորամասերի ու ստորաբաժանումների ղեկավարման և կրակային խոցման ուղղությունները:
Հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը զորավարժությունների ընթացքում արձանագրված ձեռքբերումների ու թերացումների վերաբերյալ հրամանատարական կազմին տված համապատասխան ցուցումներից ու հանձնարարականներից բացի, կարևորել է նաև հաջորդ ուսումնական փուլի նախապատրաստական աշխատանքների համալիրը, մասնավորապես, մարտական հերթապահության կազմակերպման, ստորաբաժանումների ներդաշնակման և զորամասերի կենսագործունեության այլ առանցքային ուղղություններում:
Ամփոփիչ զեկույցից հետո հրապարակվել է պաշտպանության բանակի հրամանատարի հրամանը, համաձայն որի զորավարժությունների ընթացքում լավագույն կողմերով աչքի ընկած զորամասերը, ստորաբաժանումներն ու առանձին զինծառայողներ խրախուսվել են արժեքավոր նվերներով և դրամական պարգևներով: