Պարետի որոշումների պահանջների կատարումն ապահովելու ուղղությամբ հանրապետության ողջ տարածքում ոստիկանությունը շարունակում է իրականացնել արտակարգ ծառայություն` համագործակցելով իրավապահ այլ մարմինների, ինչպես նաև տեսչական ու տեղական ինքնակառավարման մարմինների հետ։
Ոստիկանության արտաքին ստորաբաժանումների ծառայողները հսկողություն են իրականացնում փողոցներում, բակերում, կանգառներում, ուսումնական հաստատությունների հարակից տարածքներում, հանրային տրանսպորտային միջոցներում և այլուր՝ արագ հակազդելով արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնների ցանկացած խախտման։
Ընդհանուր առմամբ, արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է ավելի քան 63 հազար արձանագրություն։
Բացի այդ, ոստիկանության կարգախմբերը ստուգայցերի միջոցով արդյունավետ հսկողություն են իրականացնում ինքնամեկուսացման ու մեկուսացման վայրերում, հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների ընթացքում, առևտրի և հանրային սննդի բնագավառում գործունեություն ծավալող օբյեկտներում, որոնց արդյունքների մասին պարբերաբար տեղեկացնում ենք առանձին տեսանյութերով։