84 տարեկան հասակում երկրային կյանքին հրաժեշտ է տվել անվանի գիտնական և մանկավարժ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Գրիգոր Եղիշի Կիրակոսյանը՝ հայտնում են ՀՊՏՀ-ից:
«Մեծ ու անդառնալի կորուստ կրեցին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմն ու աշխատակիցները, բազմաթիվ շրջանավարտները, հանրապետության տնտեսագիտական հանրույթը:
Գրիգոր Կիրակոսյանը, հիրավի, մեծ գիտնական էր ու կոչումով մանկավարժ, հմուտ կառավարիչ էր և շիտակ ու բարեսիրտ գործընկեր:
Մեր համալսարանի զարգացման ու առաջընթացի ճանապարհին անուրանալի է նրա ներդրումը. լինելով ՀՊՏՀ ամենաերկարամյա ռեկտորը (1993-2006 թվականներին) և ղեկավարելով բուհը նորանկախ հանրապետության հռչակման ու կայացման տարիներին` նա իրեն վստահված գործը կատարել է մեծ պատասխանատվությամբ, իր առաքելության բարձր գիտակցմամբ` համախմբելով կոլեկտիվին, կառուցելով ու շենացնելով համալսարանը, զարկ տալով ուսումնական գործընթացի բարեփոխումներին:
Գրիգոր Կիրակոսյանի աշխատանքային կենսագրությունը սկիզբ է առել 1965 թվականին, երբ ավարտելով Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը` աշխատանքի է անցել Երևանի առևտրատնտեսագիտական տեխնիկումում՝ որպես քաղաքատնտեսության դասախոս, այնուհետև եղել է ասպիրանտ, դասախոս, գիտնական-հետազոտող: 1971 թ. «Աշխատուժի վերարտադրության նյութական ծախսերի փոխհատուցման տնտեսական օրենքը» թեմայով պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել դոցենտի կոչում:
1975 թվականից՝ մեր համալսարանի կազմավորման առաջին իսկ տարվանից, քաղաքատնտեսության ամբիոնի դոցենտ էր: 1990 թվականին նրան շնորհվում է տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան ու պրոֆեսորի կոչում: 1989-1991 թվականներին քաղաքատնտեսության ամբիոնի վարիչն էր, 1991-1993-ին՝ բուհի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորը, ապա 13 տարի ռեկտորը: Նրա գիտական ղեկավարությամբ տնտեսագիտության թեկնածուի աստիճան են ստացել մի քանի տասնյակ ասպիրանտներ ու հայցորդներ, իսկ գիտական որոնումների արգասիք են դարձել բազմաթիվ արժեքավոր աշխատություններ ու հոդվածներ:
Արժանավոր գիտնականի, մանկավարժի, կրթության նվիրյալի, սկզբունքային քաղաքացու հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների սրտերում:
ՀՊՏՀ ղեկավարությունը իր խորին ցավակցությունն է հայտնում Գրիգոր Կիրակոսյանի ընտանիքի անդամներին ու հարազատներին և կիսում անդառնալի կորստի ցավը»,- ասված է հայտարարության մեջ: