Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն աշխատանքային խմբող այցելել է Դսեղ: Դսեղ համայնքում գյուղատնտեսության զարգացման հետ կապված լուրջ խնդիրներ կան. համայնքում առկա է 667 հա վարելահող, սակայն, ըստ նշանակության օգտագործվում է ընդամենը շուրջ 10 հա-ն: Սա, մարզպետի խոսքով, Հայաստանի նման փոքր երկրի համար բացարձակապես անընդունելի իրողություն է:
Խնդիրները տեղում ուսումնասիրելու նպատակով Անդրեյ Ղուկասյանը , մարզպետարանի մի խումբ պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ, հանդիպել է համայնքի ղեկավարի, ավագանու և հողագործությամբ զբաղվող մի քանի բնակիչների հետ՝ պարզելու, թե ո՞րն է նման իրավիճակի պատճառը:
«Մեր համայնքներից շատերը կերազեն այսքան վարելահողեր ունենալ, իսկ Դսեղը չի օգտվում այս հարստությունից: Սա ես բացարձակ անընդունելի եմ համարում»,- ասել է մարզի ղեկավարը:
Ինչպես պարզ է դարձել քննարկման արդյունքում, գյուղում զարգացած է անասնապահությունը և ձիաբուծությունը: Բնակիչները դժգոհել են, որ խոշոր եղջերավոր կենդանիները և ձիերը անարգել մտնում և վնասում են ցանքատարածությունները, բացի այդ` համայնքում պատշաճ ոռոգում չի իրականացվում, թեև նախորդ տարիներին համայնքում ոռոգման համակարգերի կառուցման մի քանի ծրագրեր են իրականացվել:
Ղուկասյանը հորդորել է պահպանել համակեցության կանոնները, չխոչընդոտել հողագործությամբ զբաղվել ցանկացող գյուղատնտեսների աշխատանքին, այլապես համապատասխան միջոցներ կձեռնարկվեն: Համայնքի ղեկավարին մարզպետն առաջարկել է հաջորդ տարվանից ներկայացնել բացառապես գյուղատնտեսության զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրեր՝ հակակարկտային կայանների տեղադրում, գյուղտեխնիկայի ձեռքբերում և այլն (համայնքն այս տարի սուբվենցիոն միջոցներով կիրականացնի արևային ֆոտովոլտային կայանների տեղադրման ծրագիր):
Ինչ վերաբերում է ոռոգման համակարգերին, ապա դրանց ներկայիս վիճակին մարզի ղեկավարը ծանոթացել է շրջայցի միջոցով՝ փաստելով, որ համայնքը փոքր խնդիրների կարգավորումից հետո լիարժեքորեն պատրաստ կլինի ոռոգելու հարյուրավոր հեկտար հողատարածքներ:
Այցի ընթացքում իրականացված ուսումնասիրությունների արդյունքնեըը հանգամանորեն վերլուծության կենթարկեն Լոռու մարզպետարանում, իսկ մինչ այդ Անդեյ Ղուկասյանը համայնքի ղեկավարին հորդորել է անել ամեն ինչ, որպեսզի մշակվող հողատարածքները տարեցտարի ավելանան և հողագործությամբ զբաղվելը կրի մասսայական բնույթ: